«Այս մարդիկ ՀՀ անվտանգության հետո որևէ կապ չունեն, նրանք մեր երկրի համար ուղղակի վտանգներ են ստեղծում». Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան Ճանապարհի Որոտանի հատվածում և Կապան-Ճակատեն ճանապարհին թշնամու տեղադրած մաքսակետերին և դրանց վերաբերյալ ԱԽ քարտուղարի և ԱԱԾ պաշտոնական հայտարարություններին, նշեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն այնպիսի անխռով դեմքի արտահայտությամբ է այդ ամենի մասին հայտարարում, որ  տպավորություն է, թե նա ոչ թե ՀՀ, այլ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարն է, որն ուղղակի իրազեկում է քաղաքացիներին, որ Հայաստանի ճանապարհները փակ են:

«Մեր ստրատեգիական ճանապարհը՝ Կապան-Որոտան և դեպի Մեղրի, ըստ էության փակ է և այնտեղով որևէ մեկն անցնել չի կարող: Սակայն Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ ՀՀ քաղաքացիներն այնտեղով կարող են գնալ ինչ-որ վճար տալով: Այդ ի՞նչ երաշխիքների պայմաններում եք ասում, կամ այդ ի՞նչ եք ասում առհասարակ:

Այսինքն՝ մեր քաղաքացիները, մեր երկրի տարածքով անցնելիս, գյուղից գյուղ գնալու համար պետք է Ադրբեջանին տուրք վճարեն, նրանք էլ մեր անձնագրերում ինչ-որ շտամպ դնեն, այս ո՞ւր ենք հասել: Այո, ես ուղղակի կրկին վերահաստատում եմ, որ այս մարդիկ ՀՀ անվտանգության հետո որևէ կապ չունեն, նրանք մեր երկրի համար ուղղակի վտանգներ են ստեղծում»,- ասաց Աննա Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի, Կապանում տեղի ունեցած ընտրություններից հետո, ԱԱԾ-ն հայտարարում է, որ  այսուհետ Կապան-Ճակատեն ճանապարհը փակվելու է, մինչդեռ ամիսներ առաջ ընդդիմությունն այդ խնդրի մասին խոսել էր՝ հայտարարելով, որ այդ ամենը վտանգավոր է և հղի նոր խնդիրներով:

«Իշխանությունը մեզ պատասխանում էր, թե՝ դուք նախապես այդպիսի բաներ մի ասեք, մենք նման բան թույլ չենք տա: Երբ հարցնում էինք, թե Գորիս-Կապան ճանապարհին հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մի օր էլ հայկական մեքենաները կանգնեցնի, մեզ ասում էին՝ ոչ, պայմանավորվածությունն այն է, որ հայկական մարդատար և բեռնատար մեքենաների տեղաշարժը պետք է անխափան լինի: Այսօր ինչ իրավիճակում ենք հայտնվել, նույնիսկ եթե իշխանությունն ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել, նրանք այդ պայմանավորվածությունները մինչև վերջ չեն կարողանում իրականացնել: Այսօր փաստացի կերպով Որոտանում, Բարձրավանում, Շուռնուխում  մարդիկ մնացել են շրջափակման մեջ: Մոտ 150 տուն այս պահին չի կարողանում հոգալ իր խնդիրները, հիվանդները չեն կարողանում գնալ հիվանդանոց, պատկերացրեք՝ հղի կանայք այդ ճանապարհով ինչպես են գնալու հիվանդանոց: Սա այն ողբերգությունն ու իրականությունն է, որն այս իշխանությունները բերել են հայ ժողովրդին»,- հավելեց նա:

Աննա Գրիգորյանը նաև անդրադարձավ այսօր խորհրդարանում Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին նվիրված քննարկմանը, որը իշխանության որոշմամբ՝ պետք է անցկացվի փակ ռեժիմով:

«Մենք ենք առաջարկել ռազմագերիների խնդրի առնչությամբ հրատապ քննարկումը, քանի որ այն մեր երկրի ու ժողովրդի համար ամենակարևոր խնդիրներից մեկն է: Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունն անգործության է մատնված և որևէ գործնական քայլ չի կատարում: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում են միջգերտեսչական հանձնաժողովներ, բայց որոնք որևէ բան չեն անում, նիստ չեն գումարում և որևէ բան չի անում: Մենք ուզում էինք, որ գար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենը, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարը, որպեսզի հանրությանը բաց ներկայացնեինք, թե ինչ է տեղի ունենում: Սակայն այս իշխանությունը որոշում է, որ դա պետք է լինի փակ, մենք դա անընդունելի ենք համարում, քանի որ փակ քննարկման ժամանակ նշածս անձինք չեն ներկայանա և այդ դեպքում որևէ լուրջ տեղեկատվություն չտրամադրվող նիստ է տեղի ունենալու»,- շեշտեց Աննա Գրիգորյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս