Սպիտակ տան կայքում Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում սիրիահայերի համար բացել հայ-թուրքական սահմանը
Սպիտակ տան կայքում ստորագրահավաք է կազմակերպվել, որի կազմակերպիչները Թուրքիայի կառավարությանը կոչ են անում բացել Հայաստանի հետ սահմանը, որպեսզի սիրիահայերը կարողանան Թուրքիայի տարածքով մուտք գործել Հայաստան:
Կայքում նշված է, որ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 60.000 մարդ, իսկ 500.000 մարդ էլ դարձել է փախստական: Միևնույն ժամանակ միլիոնավոր մարդիկ ունակ չեն լքել Սիրիան, ուր դեռ գործում են ընդամենը մի քանի ավիաընկերություններ, իսկ տոմսերն էլ խիստ սահմանափակ են:
Դրա համար էլ մարդկանց մեծ մասը Սիրիայի տարածքը լքում է ավտոբուսներով և ավտոմեքենաներով: Կայքում նշված է, որ Սիրիայում առկա է 200.000 էթնիկ հայ, որոնց մեծ մասը ցանկանում է մեկնել Հայաստան, ուր նրանք կարող են իրենց զգալ հարմարավետ ու անվտանգ, բնակատեղի ստանալ, աշխատանք գտնել և գնալ դպրոցներ:
Կայքն ընդգծում է, որ դրան մեծապես խոչընդոտում է այն, որ Թուրքիան 1993 թվականին փակել է Հայաստանի հետ սահմանը, որը ցայժմ բացված չէ: Ակցիայի կազմակերպիչներին Թուրքիային կոչ են անում բացել Հայաստանի հետ ցամաքային սահմանը՝ առնվազն Սիրիան լքող հայերի համար՝ ընդգծելով, որ 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ:
Կազմակերպիչները մտադիր են մինչև փետրվարի 4-ը հավաքել 25.000 ստորագրություն: Ներկայիս դրությամբ գրանցվել է 85 մարդ: Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է հետևել հետևյալ հղմանը:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում թուրքական մամուլը գրել էր, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գաղտնի բանակցություններ է վարել սիրիահայերի և մասնավորապես Հալեպի հայերի հետ՝ նրանց գաղթը Թուրքիա կազմակերպելու նպատակով, ուր նրանք պետք է ստանային բնակատեղի և ժամանակավորապես աշխատելու թույլտվություն: Գյուլի այդ քայլը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան ամեն կերպ ձգտում է Սիրիան զրկել իր հայ համայնքից: