«Ձեր «սնդիկ- փարթիներին» մասնակցելու ցանկություն չունենք». Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը

ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պարզաբանեց.

«Շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունն, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, փորձել է ԱԺ օրակարգ բերել և արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը:

Պահանջում էինք կառավարությունից՝ բացատրություններ և հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ,  որովհետև այս ամենը կառավարության բացթողումների  և օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է, սակայն քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները,  ապօրինաբար խոչընդոտեց այս նախաձեռնությանը: Ավելին՝ իրավական ամենաթողության պայմաններում  կրկնակի կալանվորվեց այս պահանջին միացած Սյունիքի պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Դատապարտելով այս իրավական բեսպրեդելը և ի նշան բողոքի՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին»:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը ևս տեղեկացրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին արտահերթ խորհրդի նիստ, որպեսզի կառավարությունից բացատրություններ ստանանան, սակայն այդ գործըթնացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից:

«Փոխարենն այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք «Սնդիկի մասին» օրենքի կարևորագույն կետի ներառում: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վստանգի, իսկ ձեր «սնդիկ-փարթիներին» մենք մասնակցելու ցանկություն չունենք»,- հավելեց Հայկ Մամիջանյանը:

Տեսանյութեր

Լրահոս