«Իմ ազատության մեջ մնալը խանգարում է իշխանությունների ծրագրերին. Լրատվամիջոցներից եմ իմացել, որ կալանավորվել եմ». Արթուր Սարգսյան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյան, որոշում կայացրեց կալանավորել Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։

Պատգամավորն ԱԺ-ից անմիջապես եկել էր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։

«Մեկ ժամ առաջ գտնվում էի ԱԺ-ում, աշխատում էի, քանի որ վաղն ունեինք ԱԺ նիստ։ Ինքս լրատվամիջոցներից եմ իմացել, որ կալանավորվել եմ՝ դատարանի որոշումը փոխվել է։ Ո՛չ ես, ո՛չ փաստաբանս ծանուցված չենք եղել, որ այսօր նիստ կա, միայն գիտեինք, որ նոյեմբերի 12-ին նիստ կա, փաստաբանս միջնորդել էր, որ այդ օրը նիստ կա, այդ ժամանակ դատավորն ուրիշ էր, այս երկու օրը դատավորին փոխել են ու նշանակել են Արմեն Դանիելյանին։ Կարծում եմ՝ այլ մեկնաբանությունների կարիք չկա, այդպես էլ պետք է լիներ»,- Վարդաշեն ՔՀԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանը։

Ըստ նրա, այս ամենը քաղաքական հետապնդում է։

«Ես մեծ ելույթ էի նախապատրաստել, որը պետք է ունենայի վաղն ԱԺ-ում, այս բոլոր պրոցեսների մասին, որն իրականացնում են իմ և իմ ընկեր այլ համայնքապետերի նկատմամբ։ Այսօր Սյունիքում սահմանային խնդիր կա, մեր համայնքների ղեկավարների պայքարը դեկտեբերի 5-ից եղել է մեր սահմանների անվտանգության խնդիրը։ Մեր պայքարը շարունակվելու է, ոգիս տեղն է, դուխս տեղն է, ոչինչ չի փոխվելու, թեկուզ մեկ ամիս էլ նստեմ։ Մեկ ամիս հետո այս գործի վաղեմության ժամկետն անցնում է, բայց կարծում եմ՝ այս իշխանությունների համար կարևոր է, որ այդ ամիսը լինեմ կալանավորված։ Կալանավորման այս հապճեպությունը կապված է մեր սահմանային իրավիճակի, Պաշտպանության նախարարի փոփոխության հետ, գուշակություն չանեմ, բայց կարծում եմ՝ իմ ազատության մեջ մնալը խանգարում է այս իշխանությունների կողմից իրականացվելիք ծրագրերին։»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս