Մեր զինծառայողները հայտնվում են իրավիճակում, ինչը ամենավատ երազում չէինք պատկերացնի. Աբրահամյան
«Մանդատների վայր դրման հարցը ցանկացած պահի կարող է դառնալ օրակարգի մաս, բայց դրա հիմքում պետք է դրված լինեն դրան հաջորդող քայլերը, թե ինչ է հետևելու այդ գործընթացին»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ միայն խորհրդարանով էֆեկտիվ պայքար տանելու հնարավորությունները քիչ են, սակայն դեռևս հաստատված փաստ չէ, որ խորհրդարանում մանդատներից հրաժարումը միանգամից էֆեկտիվ է դարձնելու պայքարը:
Պատգամավորն առկա սահմանային զարգացումների համատեքստում կարևորեց զինծառայողների անվտանգության հարցը.
«Դա ենթադրում է համապատասխան տեխնիկական, ամրաշինական միջոցներով ամրապնդված սահման, թիկունքային ապահովում, ԶՈՒ-ում այնպիսի սպառազինության ապահովում, որը հնարավորություն կտա պաշտպանելու սահմանները և մեր քաղաքացիներին, բայց, ցավալիորեն, այդ մարդիկ, որոնք մեր երկրի համար շատ կարևոր առաքելություն են իրականացնում սահմանին, իրենց թիկունքում պետություն չունեն: Պետության հանցավոր անտարբերության պայմաններում մեր զինծառայողները հայտնվում են մի իրավիճակում, ինչը մենք երբևէ և մեր ամենավատ երազներում չէինք պատկերացնի»: