Ձևավորվել են 1 988 տեղամասային կենտրոններ
Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձևավորվել են 1 988 տեղամասային կենտրոններ:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն հունվարի 19-ից մինչև 24-ի ժամը 18-ը: ՏԸՀ-ների առաջին նիստերը տեղի կունենան հունվարի 27-ին` ժամը 12-ին:
ՏԸՀ-ները կունենան 8-ական անդամ: Մեկական անդամ նշանակելու իրավունք ունեն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող 5 կուսակցությունները` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, երկուական անդամ` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
Յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ԸԸՀ-ի յուրաքանչյուր անդամ, բացառությամբ հանձնաժողովի նախագահի, կարող է ներկայացնել մեկ թեկնածու: Եթե առաջադրված թեկնածուների թիվը երկուսից ավելի է, ապա ՏԸՀ-ի երկու անդամին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրում է վիճակահանության միջոցով` ԿԸՀ-ի սահմանած կարգով:
Եթե ՏԸՀ-ի ձևավորման համար Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ ԸԸՀ-ի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է երկուսից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
Ձևավորված տեղամասային կենտրոնների մասին ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Երևանի 13 ընտրատարածքներում տեղամասերի թիվը տատանվում է 34-40-ի սահմաններում: 34 ընտրատեղամաս է գործելու Արաբկիրի թ.4, Կենտրոն և Աջափնյակի թ.9, Կենտրոն և Նորք-Մարաշի թ.10, իսկ 40 ընտրատեղամաս` Էրեբունու թ.13 ընտրատարածքներում:
Մարզերում պատկերը մի փոքր այլ է: Տեղամասերի թիվը տատանվում է 36-79-ի սահմաններում, ինչը պայմանավորված է իրարից մեծ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքների առկայությամբ:
Փաստինֆո