Ցավալի բան պիտի ասեմ. փող բաժանեն, դուրս կգան փողոց. Հովհաննես Իշխանյան
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելու մասին ԱԽ քարտուղարի աղմկահարույց հայտարարությունն անակնկալ չի եղել վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի համար: Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պարզ էր, թե ինչ ընթացքի ենք ականատես լինելու, եթե չփոխվեն ՀՀ իշխանությունները:
«Թե՛ հայրենիքի փրկության ժամանակ, թե՛ արտահերթ ընտրությունների կազմակերպման ժամանակ բազմիցս ասվել է, որ Ադրբեջանի հետաքրքրությունն այդքան Արցախը չէ, ինչքան Սյունիքով Թուրքիայի հետ կապվելը: Նույնիսկ ասվել էր, որ բանակը դիտավորյալ քանդում են. լավագույն գեներալներին, Արցախը ազատագրած գեներալներին ու զինվորականությանը հեռացնում են,- Կառավարության շենքի առջև «Դիմադրության» շարժման ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց կինոռեժիսորը՝ հիշեցնելով նաև, որ նոյեմբերի 9-ից հետո ևս նման գործողությունները շարունակվեցին,- Հեռացրին Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին, որը մեր լավագույն գեներալներից է:
Այսինքն՝ տենդենցը սրան էր տանում, ու սա էլ դեռ վերջը չէ, իհարկե, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակը չի վերջանալու՝ մինչև հայերը չվերջանան աշխարհից: Ուղղակի ցավալին այն է, որ այն, ինչ անում են թուրքական քաղտեխնոլոգիաներով, անում են քայլ առ քայլ, այսինքն՝ եթե նոյեմբերի 9-ին պիկն էր, որ պետք է հեռացվեին այս իշխանությունները, չստացվեց, իրենք կամաց-կամաց սպասում են, աշխատում են, որպեսզի մարդկանց միջից հանեն էմոցիաները ու, ինչպես տեսնում եք՝ արդեն մաքսակետ են դնում մեր հայրենիքի մեջ, բայց կյանքը, կարծեք, մյուսների համար շարունակվում է, որովհետև ընթացքում նաև հարմարեցնում են մարդկանց ուղեղները դրան»:



