Բաժիններ՝

Գյուղացիների մի մասը, ստիպված, իրենց անասունները մորթում, վաճառում է, մի մասն էլ՝ անասունների որոշ մասն է վաճառում, որ մնացածի համար թանկ գնով անասնակեր գնի. Սարգիս Սեդրակյան

Հայաստանում անասնակերը թանկացել է, և արժեքը տատանվում է 2000-2200 դրամի սահմաններում: Ֆերմերների փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է՝ թանկանա նաև մսամթերքը:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքով՝ անասնակերի պակաս մեր հանրապետությունում նախկինում էլ է եղել:

«Շատ լավ հիշում եմ, խորհրդային տարիներին կային շրջաններ, գյուղեր, որոնց գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղղությունը անասնապահությունն էր, սակայն անասնակերը չէր բավականացնում:  Այդ տարիներին ինքս աշխատել եմ նախկին Անիի շրջանի գյուղտեխնիկայում՝ որպես անասնաֆերմաների ինժեներ: Ունեի բրիգադներ, որոնք մոնտաժում էին նոր, տիպային անասնաշենքերի ներսի մեքենասարքավորումները: Այդ անասնաշենքերը մեծ ու լուսավոր էին, շատ հարմարավետ՝ անասունների համար:

Գոմաղբի հեռացումը, ջրամատակարարումը, կիթը, կերաբաշխումը մեքենայացված էին: Անասնաֆերմային կից պատրաստված էին անասնակերախոհանոցներ, որտեղ տարբեր կերեր մանրացնում, խառնում, խաշում և տալիս էին անասուններին: Բայց անասնակերը չէր բավականացնում: Դրա համար, տվյալ գյուղի կոլխոզի կամ սովխոզի որոշ աշխատողներ, ստիպված, Կրասնոդարի և Ռուսաստանի այլ գյուղերի հետ նախօրոք պայմանագիր էին կնքում, իրենց տեխնիկան (խոտնձիչներ, փոցխեր, հավաքիչ-հակավորիչ և այլն) գնացքով տեղափոխում էին ՌԴ, բերքահավաքը կազմակերպում, վերջացնում, և բոլորը (անասնակերի հետ միասին) հետ էին վերադառնում Հայաստան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը:

Նրա դիտարկմամբ՝ անասնակերի պակասը զգացվում է, քանի որ Ադրբեջանի կողմից Արցախի մի շարք շրջաններ օկուպացնելուց հետո արոտավայրերը մնացել են նրանց վերահսկողության ներքո:

«Թշնամուն անցավ նաև Սյունիքի արոտավայրերի մի զգալի հատվածը: Սյունիքը, որտեղի գյուղացիները միշտ զբաղվել են անասնապահությամբ, այժմ անասնակերի պակաս ունի: Անասնակերի պակասի պատճառով անասնակերի հակի գինը թանկացել է: Գյուղացիների մի մասը, ստիպված, իրենց անասունները մորթում, վաճառում է, մի մասն էլ՝ անասունների որոշ մասն է վաճառում, որ մնացածի համար թանկ գնով անասնակեր գնի: Արդյունքում՝ մսամթերքի ու կաթնեղենի վաճառքի գները թանկանում են, իսկ կառավարությունն ասում է՝ ամեն ինչ անում ենք, որպեսզի երկրում գյուղատնտեսությունը զարգանա: Իրականում կառավարությունն այս տուժած գյուղացիներին ոչնչով չի օգնում:

Օրինակ, վերջերս Երասխում թշնամին կրակոցով վառել էր մի գյուղացու խոտի դեզը, որը մոտ 30.000 դոլար արժեր: Կառավարությունն ինչո՞վ օգնեց: Կամ՝ նույն թշնամին կրակոցով այրում է Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին պատկանող խոտհարքները, կառավարությունն ինչո՞վ է օգնել: Ավելին, երբեմն անասուններն արածելով հատում են, այսպես կոչված, «հակառակորդի սահմանը», իսկ թշնամին երբեմն ամբողջովին վերադարձնում է, երբեմն՝ չի վերադարձնում, երբեմն էլ մի մասն է վերադարձնում: Գյուղացին այսօր, քան երբևէ, անպաշտպան է և չի զգում պետության կողմից աջակցությունը, այնինչ կառավարությունը պնդում է, որ ամեն ինչ անում է, որպեսզի երկրում գյուղատնտեսությունը զարգանա»,- նկատեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս