«Փաստել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն ավարտվել է, անհասկանալի է, ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ կապիտուլյանտի ձեռքում». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խիստ զարմանալի բնորոշեց ԵԽԽՎ մոնիտորինգի գծով համազեկուցողների հայտարարությունը, որտեղ նրանք նշել են, որ Հայաստանն ընտրությունների միջոցով և պատերազմից հետո քաղաքական ճգնաժամից դուրս է եկել։
«Նախորդ անգամ Նախարարների կոմիտեի համազեկուցողները հարկ չէին համարել ժողովրդավարության մասին զեկույցի պատրաստման ընթացքում հանդիպել ընդդիմադիր որևէ գործչի, ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական։ Նախ ինքս եմ մի շարք խնդիրներ բարձրաձայնել, նաև տեղյակ եմ մյուս հանդիպումների ընթացքում մյուս ընդդիմադիր իմ գործընկերների կողմից բարձրացրած խնդիրների մասին։ Ուստի փաստել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն ավարտվել է, ինձ համար անհասկանալի է, ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ կապիտուլյանտի ձեռքում։ Եթե նշված հայտարարության մեջ որպես փոքր խնդիր է բարձրաձայնվում վիրավորանքի հետ կապված օրենսդրական փոփոխությունը, որը ԶԼՄ-ների ու քաղաքացիների դեմ սահմանափակումներ է մտցնում, այն էլ՝ պատերազմից հետո և ապատեղեկատվության տարածման համատեքստում, իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Հայտարարության մեջ նշված է նաև դատական իշխանության նկատմամբ հանրության պակաս վստահության մասին, սակայն, պատգամավորի գնահատմամբ՝ բարձրաձայնված չէ, որ փաստացի ահռելի հետքայլ է տեղի ունեցել դատական համակարգի ռեֆորմների տրամաբանության մեջ։
«Նկատի ունեմ դատավորների մակագրման համակարգչային համակարգի կասեցմանը և ձեռքով մակագրման անցնելուն։ Թող ԲԴԽ-ն չփորձի ներկայացնել, թե իբրև դա իրականացվում է այբբենական կարգով, որովհետև մեկ ամիս առաջ ԱԺ լիագումար նիստի ժամանակ ես բարձրաձայնել էի հստակ դեպք, երբ քաղաքական գործի հետ կապված քաղաքական մակագրումը կատարվում է այբբենական կարգի խախտմամբ։ Հիմա կա՛մ ԲԴԽ-ում ուրիշ այբուբեն է, կա՛մ էլ իրապես փորձում են քաղաքական հետապնդումը մակագրել իրենց կողմից սիրելի դատավորների»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այս հայտարարության մեջ որևէ բառ ասված չէ՝ ո՛չ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների հետ կապված, ո՛չ այս պահին փաստացի կալանավորված երկու պատգամավորների մասին, և ոչ էլ այն մասին, որ ընդդիմադիր գրեթե ոչ մի պատգամավոր երկրից դուրս գալու թույլտվություն չունի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում