Արտավազդ Փելեշյանի «Բնությունը» և այլ ֆիլմեր կցուցադրվեն փաստագրական կինոյի ամենահեղինակավոր IDFA փառատոնում
«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա փաստավավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր IDFA փառատոնում, որը կանցկացվի նոյեմբերի 17-28-ը Ամստերդամում:
kinoashkharh.am կայքը հայտնում է, որ փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշել է՝ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։
Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերայից զատ կանցկացվի նաև վարպետի ավելի վաղ շրջանի վավերագրական կինոնկարների հետահայաց ցուցադրություն։
Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59)։ «Բնություն» ֆիլմի փառատոնային արշավն ու միջազգային հաջողությունները շարունակվում են։
«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության համարտադրությամբ։ «Բնությունը» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։