Բաժիններ՝

Սաակաշվիլին հոսպիտալացվել է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը 39 օր առաջ հացադուլ էր հայտարարել բանտում, հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում, հայտնել են Վրաստանի քրեակատարողական ծառայությունից։

«Առողջության վատթարացումից խուսափելու և վտանգի ավելացման կապակցությամբ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին 12-րդ ՔԿՀ-ից տեղափոխվել է թիվ 18 մեղադրյալների և դատապարտյալների բուժհաստատություն: Մենք աստիճանաբար հանրությանը կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի իշխանությունները վաղուց էին առաջարկում Սաակաշվիլիին տեղափոխել Գլդանիի թիվ 18 բանտի քրեակատարողական հիվանդանոց։ Սակայն ինքը՝ քաղաքական գործիչը, և իր փաստաբանները պահանջում էին նրան հոսպիտալացնել քաղաքացիական հիվանդանոց՝ բացատրելով, որ բանտի հիվանդանոցում, որտեղ բուժվում են հազարավոր բանտարկյալներ, նախկին նախագահը կարող է վտանգի տակ լինել։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս