Ի՞նչ հրահանգ-ցուցում է իջեցվել

168.amգրել էր, որ «անորակ հրթիռների» գործով ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Այս ձերբակալումներից անցել է մոտ 2 շաբաթ, սակայն ԱԱԾ-ն պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածել:

168.am-ը նոյեմբերի 2-ին գրավոր հարցում էր ուղարկել ուժային կառույցին՝ պարզելու, թե «անորակ հրթիռների գործով» ինչո՞ւմ են մեղադրում ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետին և գլխավոր ինժեներին, և արդյո՞ք կան ՊՆ այլ պաշտոնյաներ կամ աշխատակիցներ այս գործով անցնող, որոնց մասին ԱԱԾ-ն ևս դեռ չի հայտնել:

Նոյեմբերի 8-ին մեր հարցադրմանն ի պատասխան ԱԱԾ-ի ուղարկած գրության մեջ նշվում է, որ մեր հարցադրումների պատասխանները նախաքննական գաղտնիք են պարունակում:

«Ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված 02.11.2021թ.-ի տեղեկություն ստանալու մասին Ձեր գրավոր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ Ձեր հարցադրումների մասին տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթակա չեն հրապարակման»,- նշված է ԱԱԾ պատասխանում:

Նշենք, որ այս գործով են անցնում ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով կալանավորված են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ)։ Եվ ԱԱԾ-ն, մասնավորապես, Ավետիք Մուրադյանի հետ կապված հաղորդագրության մեջ շատ հանգիստ նշել էր, թե որ թվականի արտադրության ավիացիոն հրթիռներ են մատակարարվել, որ դրանք չեն կիրառվել վերջին պատերազմում: ԱԱԾ-ն նաև գինն էր նշել մեկ միավոր հրթիռի:

Ով գիտի՝ գուցե այս տեղեկությունն էլ գործից մի փոքր հասկացողներին հուշի, թե կոնկրետ ինչ տիպի հրթիռներ են անորակ համարվել՝ հիմք ընդունելով նաև մեր զինանոցում եղած ավիացիոն միջոցները, ինչը հաստատ ռազմական գերատեսչությունը չէր ցանկանա:

Նշենք, որ վերջերս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էին ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

«Օրերս տեղեկացանք, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Բարձրաստիճան այս երկու սպաները քրեական գործով տվել էին գործի մյուս նյութերի հետ հակասության մեջ չգտնվող, Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ: Պաշտպանության կողմն ունի նաև այլ տեղեկություններ նշված երկու անձանց ձերբակալելու «առիթների» վերաբերյալ, որոնք այս պահին հանրայնացնելը նպատակահարմար չենք համարում»,- նշված է Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ:

Իհարկե, մենք ևս հասկանում ենք, որ գոյություն ունեն նախաքննական գաղտնիքներ, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք, և կողմնակից ենք դրանք չխախտելուն, բայց ԱԱԾ-ն կարող էր գոնե հաստատել նրանց ձերբակալման փաստը, թույլատրելիի սահմանում որևէ պատասխան տար: Ի վերջո, Արտյոմ Համբարյանի և Վլադիմիր Բաբայանի պաշտոնն արդեն հուշում է նրանց գործառույթը կամ արարքը:

Ի դեպ, ավանդույթ է դարձել՝ ուժային, իրավապահ և այլ պետական կառույցները, գերատեսչությունները, երբ իրենց հարմար է՝ լրատվամիջոցների հարցերի պատասխաններից խուսափելու համար կամ ասում են՝ նախաքննական գաղտնիք է, կամ՝ պետական գաղտնիք: Հաճախ տպավորություն է ստեղծվում, թե չեն կողմնորոշվում՝ ինչպես պատասխանել, որովհետև, ինչպես շատերն են ասում՝ գործը մեկ մարդու ցուցումով է կարվում, սկզբում ձերբակալում են, հետո՝ գործն ըստ իջեցվող հրահանգի ամփոփում:

Տեսանյութեր

Լրահոս