Ի ուրախություն բոլորիս՝ մեր հիվանդների 50 տոկոսը և ավելին արդեն դուրս են գրվել, իսկ մյուսների մոտ կա դրական դինամիկա. «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ի մարքետինգի բաժնի տնօրեն
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ նոյեմբերի 6-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ հոսպիտալացվածներից 53-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 13-ը՝ մինչև 18 տարեկան: 32 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1-ը՝ մինչև 18 տարեկան, 11-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրոնում։ Պացիենտներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար: Նրանցից 1-ը դուրս է գրվել:
«Տաշիր պիցցա» ՍՊԸ-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթևոսյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով թունավորման պատճառների մասին՝ նշեց, որ կասկածները կհաստատի սննդամթերքի անվտանգության տեսչությունը։
«Մեր բոլոր պիցցերիաները ՀՀ-ում և Արցախում գործող ներկա պահին փակ են։ Մենք համագործակցում ենք Առողջապահության նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության հետ։ Նրանք փորձանմուշներ են վերցրել սննդից, լաբորատոր հետազոտություններ են անցկացնում, որի արդյունքները, հուսանք, մոտ օրերս կտրամադրեն մեզ, որից կհասկանանք, թե խնդիրն ինչից է առաջացել։ Երբ արդեն սննդի տեսչությունը կհրապարկի թե, որ սննդատեսակից է թունավորումը տեղի ունեցել, այդ ժամանակ մենք քայլեր կձեռնարկենք․․․։
Մենք առաջինն ենք ցանկանում իմանալ, քանի որ սա նաև մեր հեղինակության խնդիրն է․ պետք է պարզենք, թե խնդիրն ինչից առաջացավ ներկրող ընկերությո՞ւնն էր, թե՞ տեղական արտադրողն էր, որի պրոդուկտները մենք օգտագործում ենք, ըստ այդմ պարզ կլինի մեր քայլերի հաջորդականությունը»։
«Ի ուրախություն բոլորիս՝ մեր հիվանդների 50 տոկոսը և ավելին արդեն դուրս են գրվել, իսկ մյուսների մոտ կա դրական դինամիկա: Մեզ համար այս պահին ամենակարևորը մեր հաճախորդների առողջությունն է, մինչև բոլոր հիվանդները դուրս չգրվեն, մենք հանգիստ չենք լինի, բայց քանի որ դրական դինամիկա կա, մեզ հուսադրում է: Մենք ամեն քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի նման դեպք այլևս չկրկնվի, որպեսզի մեր հաճախորդի հիշողության մեջ այս դեպքը չմնա»,- նշեց Արտակ Մաթևոսյանը: