ՀՀԿ-ն իր ողջ թիմով ու համակիրներով մասնակցելու է նոյեմբերի 8-ի հանրահավաքին. Արմեն Աշոտյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասուլիսում տեղեկացրեց՝ Հանրապետականն իր ղեկավար մարմիններով, իր անդամներով, համակիրներով, մասնակցելու է նոյեմբերի 8-ի հանրահավաքին:
Նա նաև մասնակցության կոչով դիմեց հայրենիքը սիրողներին.
«Նոյեմբերի 8-ը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հավաքը չէ. մեր երկրի համար կարևոր հավաք է, շատ կարևոր հանգրվան է, որտեղ, կարծում եմ՝ մենք պարզապես պարտավոր ենք աշխարհին ատամ ցույց տալ, որովհետև, ցավոք սրտի, ինչպես արդեն ասացի, Հայաստանն այս սրիկաների պատճառով դարձել է աշխարհաքաղաքական մանրադրամ: Իսկ աշխարհում տեսնում եք՝ ինչ է կատարվում. Ուկրաինան օգտագործեց թուրքական բայրաքթարները Մոսկվայամերձ չճանաչված պետությունների զորքերի նկատմամբ: Շատ հետաքրքիր էին քննարկումները. այնպիսի տպավորություն էր, որ որոշ տղաներ Ռուսաստանում նոր իմացան, որ կա բայրաքթար, որը, փաստացի, թռչող ռոբոտ է և մարդկանց սպանում է: Երբ Արցախում այդ ամեն ինչն արվում էր, շատուշատ ռուս քաղգործիչներ, վերլուծաբաններ խնդրին վերաբերվում էին՝ որպես տեխնոլոգիական, ռազմավարական խնդիր. քննարկում էին դրոնների ապագան պատերազմներում. տեսնում ենք՝ բայրաքթարը կարող է չոքել բոլորիս դուռը»:
Արմեն Աշոտյանը, սակայն, նշեց՝ հասկանում է ՌԴ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, թեև չի ընդունում՝ որպես հայ: Այս համատեքստում նա հիշեցրեց ռուսական ասացվածքը. «Դիվանագիտությունն արվեստ է, երբ մի ձեռքով շոյում ես շան գլուխը, մինչև մյուս ձեռքով փայտը բռնես»: