Աշխարհի 10 լավագույն օպերային թատրոնները

Լա Սկալա, Միլան, Իտալիա

Լա Սկալա հայտնի օպերային թատրոնը, որը գտնվում է Միլանում, հիմնվել է 1778 թվականին։

Թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Ջուզեպպե Պյերմարինիի նախագծով 1776-1778 թվականներին այնտեղ, որտեղ ժամանակին Սանտա-Լուչիա դելլա Սկալա եկեղեցին էր։ Այստեղից էլ ծնվեց թատրոնի անվանումը։

Գրանդ օպերա, Փարիզ, Ֆրանսիա

Փարիզի օպերան, կամ Գրանդ օպերան աշխարհի ամենահայտնի և նշանակավոր օպերայի և բալետի թատրոններից մեկն է:

Գրանդ օպերան հիմնադրել են կոմպոզիտոր Ռ․ Կամբերը և բանաստեղծ Պ․ Պերենը։ Բացվել է 1671 թվականին՝ որպես «Երաժշտության թագավորական ակադեմիա»:

Վիեննայի պետական օպերա, Վիեննա, Ավստրիա

Ավստրիայի երաժշտական մշակույթի կենտրոնը՝ Վիեննայի պալատական օպերան, ստեղծվել է 17-րդ դարի կեսին։ 17-18-րդ դարերին ներկայացումները տրվել են տարբեր թատրոններում։ 17-րդ դարի վերջերին և 18-րդ դարի սկզբին թատրոնի խաղացանկի հիմքը կազմել են իտալական օպերաները։

Կովենտ գարդեն արքունական թատրոն, Լոնդոն, Անգլիա

Կովենտ գարդեն արքունական թատրոնը գտնվում է Լոնդոնում, ուր ներկայացվում են օպերային, բալետային ներկայացումներ:

Թատրոնի ներկայիս շենքը երրորդն է այդ վայրում եղած շինություններից։ Այն կառուցվել է 1858 թվականին և հիմնական վերակառուցման է ենթարկվել 1990-ական թվականներին։ Հանդիսասրահը տեղավորում է 2268 հանդիսատես։ Նախաբեմի լայնությունը 12.2 մ է, բարձրությունը` 14.8 մ։

Մեծ թատրոն, Մոսկվա, Ռուսաստան

Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը տեղակայված է Մոսկվայի կենտրոնում՝ Թատերական հրապարակում։

Սկզբնական շրջանում այն արքունական թատրոն էր, որը Փոքր թատրոնի հետ կազմում էր Մոսկվայի կայսերական թատրոնների խումբը։ Ժամանակ առ ժամանակ թատերախմբի կարգավիճակը փոխվել է․ մեկ անցել է գեներալ-նահանգապետի ենթակայության տակ, մեկ՝ կրկին Պետերբուրգի ղեկավարության։ Այսպես շարունակվեց մինչև 1917 թվականի հեղափոխությունը, երբ գույքն ազգայնացվեց, և միայն այդ ժամանակ տեղի ունեցավ Փոքր և Մեծ թատրոնների առանձնացումը։

Կոլոն թատրոն, Բուենոս Այրես, Արգենտինա

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող գլխավոր օպերային թատրոնը, ըստ National Geographic-ի՝ աշխարհի 10 օպերային թատրոնների շարքում զբաղեցնում է 3-րդ տեղը և համարվում է աշխարհի 5 լավագույն ակուստիկ համերգասրահներից մեկը:

Սան Կառլո, Նեապոլ, Իտալիա

Եվրոպայի ամենահին օպերային թատրոնը կառուցվել է Կառլ 3-րդի հրամանով՝ «Սան-Բարտոլոմեո» թատրոնի փոխարեն (1621 թվական)։ 1737 թվականի նոյեմբերի 4-ին բացվել է նեապոլիտանական օպերան՝ կոմպոզիտոր Դոմենիկո Սարրոյի «Աքիլեսը Սկիրոսում» բեմադրությամբ (Պիետրո Մետաստազիոյի լիբրետոյի հիման վրա)։ 1815-1822 թվականներին Սան Կառլոյի թատրոնը ղեկավարել է Ջոակինո Ռոսսինին, իսկ 1822-1838 թվականներին՝ Գաետանո Դոնիցետին։

Սիդնեյի օպերային թատրոն, Ավստրալիա

Բազմաֆունկցիոնալ երաժշտական թատրոնը, որը գտնվում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյ քաղաքում, աշխարհի ամենահայտնի կոթողներից է, հանդիսանում է Ավստրալիայի խորհրդանիշը։ 2007 թվականի հունիսի 28-ից Սիդնեյի օպերային թատրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Պրահայի պետական օպերա, Չեխիա

Այս հաստատությունը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել. բացվելով 1888 թվականին՝ այն սկզբում եղել է Նոր գերմանական թատրոնը, և միայն 1992 թվականին այն վերափոխվել է օպերային թատրոնի: Թատրոնի շենքը Պրահայի հիասքանչ հուշարձաններից մեկն է: Սեպտեմբերից հունիս այստեղ անցկացվում են համերգներ, բալետային ներկայացումներ և օպերաներ:

Մետրոպոլիտեն օպերա, Նյու Յորք, ԱՄՆ

ԱՄՆ-ում՝ Նյու Յորք քաղաքի Լինքոլնի կենտրոնում գտնվող Մետրոպոլիտեն օպերան՝ աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկը, բացվել է 1883 թվականին՝ Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» բաժնետիրական ընկերության միջոցներով։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս