«Ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել՝ փաստացիորեն գնում է  բնաջնջման քաղաքականություն». ՀՀ ԱԳ փոխնախարար

Այսօր խորհրդարանում 2022 թվականի բյուջեի նախագիծը քննարկելու ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք քննարկվում է «Ճանաչում հանուն փրկության» բանաձևը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է առհասարակ Արցախի հարցը փակելու համար, հայտարարելով, որ հակամարտությունը կարգավորված է։ Մեր հիմնական ուղղություններից եղել է նաև Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, և այսօր առավել քան երբևէ այդ խնդիրը շատ կարևորվում է։ Նաև, գիտենք, որ լուրջ խնդիրներ կան Արցախի Հանրաապետության արտաքին գործերի նախարարության գործունեության առումով, որ Ադրբեջանն ամեն կերպ արգելափակում է Արցախ անունով որևէ ներկայություն արտերկրում։ Այդուհանդերձ Արցախն ունի ներկայացուցչությունների որոշակի ցանց տարբեր երկրներում։ Մենք նախատեսում ենք ծախսեր ոչ միայն Արցախի միջազգային ճանաչման առումով, այլև ներկայացուցչությունները ընդլայնելու, գործունեությունը երաշխավորելու առումով։ Եվ քննարկվում է «Ճանաչում հանուն փրկության» բանաձևը, հատուկ չեմ ասում՝ «Անջատում հանուն փրկության», որպեսզի չհակադրվեմ ինքնորոշման իրավունքի հետ»,- այս ձևակերպմամբ հնչեցրեց հարցը Արմեն Ռուստամյանը։

Վահե Գևորգյանը, հարցին ի պատասխան, նախ ասաց, որ ՀՀ արտգործնախարարությունը սերտորեն համագործակցում է Արցախի արտաքին գործերի նախարարության հետ, և այս պահին առաջնահերթությունը նախ և առաջ խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումն է։ Սակայն այս ամենը չի նշանակում, որ այլ ուղղություններով չեն աշխատում։

«Այն, ինչ տեղի ունեցավ թե՛ Արցախի առաջին պատերազմում, թե՛ երկրորդ պատերազմի ընթացքում, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել, քանի որ փաստացի գնում է բնաջնջման քաղաքականություն։ Այս ամենի լավագույն ապացույցն է այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերի իսպառ բացակայությունը։ «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքը այս փաստով հստակ հիմնավորում է ստանում։ Կարծում եմ՝ մենք մեր աշխատանքներում այդ մոտեցումը, որ արցախահայությանը Ադրբեջանի վերահսկողության ներքո սպառնում է ոչնչացում, ճշմարտացի, հուսալի ու վստահելի թեզը առաջ ենք մղում՝ թե մեր դիսկուրսում, թե բանակցությունների ընթացքում»,- եզրափակեց Վահե Գևորգյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս