Ե՞րբ կձևավորվի Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով
Քաղաքական, պետական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի մահվանից 18 օր անց հուղարկավորության կազմակերպման նպատակով կառավարական հանձնաժողով դեռ չի ձևավորվել և չի հաղորդվում՝ երբ կձևավորվի: Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ ստեղծվի հանձնաժողովը, բոլորը կտեղեկացվեն։
«Իմ տեղեկություններով, նման հանձնաժողով իսկապես ձևավորվելու է, բայց գործընթացը հասկանալիորեն ձգձգվում է»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
ՀՀ Կառավարությունից, սակայն, խուսափեցին այլ մանրամասներ, ժամկետներ հայտնել այս գործընթացի վերաբերյալ:
Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում։ Հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որտեղ կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը:
Հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վանո Սիրադեղյանի ընտանիքին և ցավակցություն հայտնել: Իսկ մինչ այդ Վանո Սիրադեղյանի այրին՝ Ռուզան Տոնոյանը, լրատվամիջոցներից մեկին էր փոխանցել իր հայտարարությունը՝ նշելով.
«Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես: Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից»։ Հարցին` արդյո՞ք հստակ է Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը, Տոնոյանն արձագանքել էր. «Եթե հեռանկարները հստակ լինեին, «ծանր վերադարձ» չէի կոչի. «Ծանր լույս` ծանր վերադարձ»:
Խաչատուր Սուքիասյանը ևս անդրադարձել էր իրավիճակին: Սուքիասյանն ասել էր, որ Սիրադեղյանն արտասահմանում այլ անունով է ապրել.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանո Սիրադեղյանը եղել է հետախուզման մեջ, Վանո Սիրադեղյանն իր անունով չի գործել այս կամ այն երկրում: Եվ այսօր բարդություններ կան… Տեխնիկական, իրավական խնդիր կա»: