«Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց սա է մեր իրականությունը». Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի այն հատվածում, որտեղ վիճարկելի որոշակի հարցեր կային, արդեն վիճարկվել են և որոշակի կարգավորումներ են մտցվել, տեղակայվել են նաև որոշակի ուժեր այնտեղ։

«Հույս ունեմ` այսպես կշարունակվի, մինչև հարցը կկարգավորվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գնել Սանոսյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև նախատեսվող հանդիպմանը և հարցին՝ նախատեսվա՞ծ է ստորագրել նոր փաստաթուղթ, Գնել Սանոսյանը պատասխանեց, թե տեղյակ չէ։

«Կարծում եմ՝ մինչև այս պահը նման փաստաթուղթ նախատեսված չէ, քննարկումներ գուցե կան, Արտգործնախարարության մեր գործընկերները գուցեն կասեն»,- շեշտեց նախարարը։

Ինչ վերաբերում է  ՌԴ նախագահի այն հայտարարությանը, որ դեմարկացիան և դելիմիտացիան չեն կարող լինել առանց ցավոտ զիջումների, Գնել Սանոսյանը նկատեց՝ նայած՝ ում մոտ ցավոտ կլինեն, պարզապես պետք է հասկանալ, թե այդ ամենը ինչպես կանցնի։

«Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց սա է մեր իրականությունը։ Մենք հայտնվել ենք այս իրականության մեջ, և այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, ոտքի կանգնելը, զարգանալը։ Այդ ամենի մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի մենք անընդհատ սահմանային վեճ չունենանք, որպեսզի ինչ-որ մեկի մեքենային ինչ-որ մեկը ոտքով չհարվածի։ Դրա համար այդ երևույթից չպետք է վախենալ, նույնիսկ, եթե ինչ-որ տեղում էլ ցավոտ բան լինի, ավելի լավ է այդ ցավոտ կետը ֆիքսել ու նկատի ունենալ, որ սա է մեր սահմանները, քան անընդհատ ամեն օր միջադեպեր ունենալ»,- հավելեց նա։

Նախարարը նաև ասաց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի համար քննարկվում են տարբեր քարտեզներ, սակայն, թե որ քարտեզները հիմք կընդունվեն, կարևոր է, թե դրանք ինչ իրավական հիմք ունեն։

Միաժամանակ նախարարն ասաց, որ մասնագիտությամբ աշխարհագրագետ է, շատ քարտեզների է ծանոթ, սակայն տեղյակ չէ, թե ՌԴ ԳՇ-ում ինչ քարտեզներ են պահվում, որի մասին վերջերս հայտարարել էր Վլադիմիր Պուտինը։

«Կարծում եմ՝ 20-ակակնների քարտեզով Ալ լճերի մասով հօգուտ մեզ է լինելու, որովհետև որքան ես գիտեմ՝ մինչև 20-ականների վերջ այդ ամենը համարվել է ՀՀ տարածք»,- եզրափակեց նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս