Ալ լճերը գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, կան քարտեզներ, ըստ որոնց՝ նրանք պետք է հետ քաշվեն. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝  Հայաստանում ոռոգման ջրի հետ կապված լրջագույն խնդիրներ կան։

«Ակնհայտ է, որ մենք պետք է շատ ջրամբարներ կառուցենք, որովհետև մեր ջրային ռեժիմներն իրար չեն համապատասխանում։ Մեր գետերի ջրերը, ձնհալքը գարնանը հալվում գնում են, բայց մենք ամռանը և աշնան սկզբին ոռոգման լուրջ կարիք ունենք։ Այս բոլորը լավ հասկանալով՝ կառավարությունը հիմա նախատեսում է առաջիկա հինգ տարիներին առնվազն սկսել և որոշ փոքր ջրամբարների դեպքում ավարտել շինարարությունը։ Խոսքը 15 ջրամբարի մասին է, հիմա շարունակվում է  Վեդիի ջրամբարի շինարարությունը, կսկսվի նաև Կապսի ջրամբարի շինարարությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գնել Սանոսյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այս պահին Ալ լճերն Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում։

«Ես ասում եմ, որ քննարկվում է, կան այնպիսի քարտեզներ, որոնց մեջ այնպես է, որ ադրբեջանական զինուժն այդ հատվածից պետք է հետ քաշվի։ Սպասենք, տեսնենք, թե որ թվականների քարտեզները հիմք կընդունվեն։ Արդեն ասացի, որ կարևոր է իրավական գործոնը, թե այդ քարտեզներն ինչ իրավական կարգավորումների արդյունքում են դարձել այդպիսին, և ըստ դրա կտեսնենք, թե որ կողմում, ինչ փոփոխություններ կլինեն։ Պարզ է, որ երկար ժամանակ մեր տարածաշրջանում նույնիսկ հարևան սովխոզների միջև որոշակի փաստաթղթեր են ստորագրվել, ըստ որոնց՝ որոշ տարածքներ տրվել են Ադրբեջանին՝ որպես արոտավայրեր, որոշ տարածքներ մեզ են տրվել։ Սա իրավական պրոցես է, որը պետք է կարգավորվի»,- նշեց Գնել Սանոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս