Բաժիններ՝

Ինչ-որ մեկն իրենց խոստացել է, որ կորոնավիրուսով հիվանդի չեն սպասարկելո՞ւ. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը՝ բողոքող վարորդներին

Շտապբուժօգնության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում կայանատեղիում՝ բողոքելով ցածր աշխատավարձից և ծանր գրաֆիկից:

Վարորդների խոսքով, իրենք օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում, նույնիսկ չեն հասցնում սնվել:

«Քաղաքապետարանում ով աշխատում է այս հարցով, թող գան էստեղ՝ մեր տնօրինությունից սկսած: Ես անձամբ օրական ստանում եմ 11․700 դրամ: 3 օրը մեկ են կանչում, ամսական աշխատավարձը կազմում է 111․300 դրամ: Բայց որ գնում ենք, բանկի համար մի թուղթ ենք վերցնում, գրում են, որ աշխատավարձը 170.000 է: Առավոտից երեկո բանում ենք, ո՛չ կարողանում ենք նորմալ հաց ուտել, ո՛չ կարողանում ենք մի քանի րոպե հանգստանալ: Կանչից կանչ ենք գնում, կովիդը շատացել է: Մենք կովիդի հետ գործ չունենք, կովիդն ենք անում: Մենք չգիտենք՝ ոնց անենք: Եթե մարդ կա, թող գա՝ մեր հարցի լուծումները տա: Էս աշխատավարձով մենք չենք կարողանա աշխատել»,- ասաց ակցիայի մասնակից, 6-րդ ենթակայանի վարորդ Սերժիկ Գասպարյանը:

Նա հավելեց, որ շատ ծանր կանչերին գնում են, բայց թեթև կանչերին այս պահին չեն գնում, ուզում են իրենց հարցի լուծումը ստանան:

Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ նախկինում հասցնում էր երկրորդ տեղ աշխատել, բայց հիմա կանչերի թիվը հասել է օրական 2000-ի, և այլևս հնարավորություն չունի այլ տեղ աշխատել, իսկ եղած աշխատավարձով ապրել չի կարող. «Եթե այսպես շարունակվի, ես պատրաստ եմ դիմում գրել ու հեռանալ»:

Վարորդների փոխանցմամբ՝ եթե մեքենան վնասվում, է, իրենք են դրա համար վճարում:

Նշենք, որ 6-րդ ենթակայանում 5 մեքենա է հերթապահում:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մերթընդմերթ շտապօգնության աշխատակիցները բողոքել են, բայց 2010 թվականից աշխատավարձը բարձրացվել է:

«2011 թվականին բարձրացվել է 100 տոկոսով, ընթացքում՝ ևս»,- նշեց Թագուհի Ստեփանյանը:

Հարցին՝ նախքան բողոքի ակցիան՝ վարորդները հանդիպե՞լ են իրեն, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը պատասխանեց.

«Մինչ այս՝ դրա մասին խոսվել է, իրենք չեն հանդիպել: Խոսքն այստեղ կոնկրետ 6-րդ ենթակայանի մասին է: Իրենք որոշել են բողոքի ակցիա անել ու այդ մասին բարձրաձայնել, բայց այնպես չէ, որ մենք չենք գիտակցում: Այդ մասին խոսվել է: Ընդհանրապես, յուրաքանչյուր վարորդ, երբ աշխատանքի է ընդունվում, պայմանագիր է ստորագրում: Կան վարորդներ, ովքեր նոր ընդունվել են, շատ լավ գիտակցել են, թե ինչ աշխատավարձով են գալիս աշխատելու: Այդ աշխատավարձը վերաբերում է 10 հերթապահությանը: Այնպես չէ, որ ամեն օր են աշխատում: Սակայն, անկախ նրանից՝ աշխատավարձը բա՞րձր է, թե՞ ցածր, նման ձևով հարցի լուծմանը դեմ եմ՝ կոնկրետ բժշկական հիմնարկությունում, որովհետև այդ ամենը կարելի էր քննարկել, այնպես չէ, որ տնօրինությունը, վարչությունը պատրաստ չէ խոսել, քննարկել, բացատրել բոլոր մանրամասները: Մեզ համար ամենակարևորը մեր աշխատանքն անխափան կազմակերպելն է: Մեր մնացած բոլոր ենթակայանները նորմալ աշխատում են և, բնականաբար, Շենգավիթ վարչական շրջանի կանչերն էլ դուրս չեն մնալու այդ սպասարկումից: Մենք վարորդների բավականին մեծ բանակ ունենք, ամեն ինչ նորմալ կլինի»:

Դիտարկմանը՝ վարորդները նշում են, որ իրենք նաև կորոնավիրուսի կանչերն էլ են սպասարկել, բայց դրա հետ գործ չունեին, Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ 2020 թվականից կորոնավիրուսի բոլոր կանչերը սպասարկել են իրենք:

«Դրա համար երկու անգամ իրենք պարգևատրվել են: Գիտեք, դա մեր աշխատանքն է՝ լինի կորոնավիրուս, թե այլ վիրուս, հիվանդություն: Դա առաջնային օղակ է, մեր հիմնական աշխատանքի մի մասը: Ես չգիտեմ, ինչ-որ մեկն իրենց խոստացել է, որ կորոնավիրուսով հիվանդի չեն սպասարկելո՞ւ»,- հարցրեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը:

Ինչ վերաբերում է վարորդների այն պնդմանը, թե՝ «գնում ենք, բանկի համար մի թուղթ ենք վերցնում, գրում են, որ աշխատավարձը 170.000 է», Թագուհի Ստեփանյանը նշեց, որ ինչպես բոլորի, այնպես էլ վարորդների դեպքում պահումներ են արվում:

Անդրադառնալով վթարի դեպքում վարորդի գրպանից վնասի համար վճարելու փաստին՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը նկատեց. «Դե, եթե վարորդը մեղավոր է ճանաչվում, իրենք ո՞նց են պատկերացնում: Այդ մասին պայմանագիր ևս ստորագրում են: Իրենք կարող են մեքենան փչացնել, բա ո՞վ սարքի, պետությո՞ւնը, եթե մեղավորությունը կոնկրետ իրենցն է»:

Թագուհի Ստեփանյանը շեշտեց՝ ինքը միշտ խոսել է ու պատրաստ է խոսել իր բոլոր աշխատակիցների հետ, իրենց համագործակցությունը միշտ նորմալ է եղել, ու իր համար հիմա առաջնայինն անխափան աշխատանքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս