Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Նախարարները քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով այն, որ լրանում է լիակատար զինադադարին ուղղված նոյեմբերյան եռակողմ փաստաթղթի մեկ տարին: Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար՝ պահվող անձանց վերադարձի, ականապատ տարածքների քարտեզների տրամադրման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապ խնդիրների լուծմանը:

Երկու երկրների ԱԳ ղեկավարները «ճշգրտել են ժամերը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ հարցերի շուրջ:

Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական համագործակցության արդիական ասպեկտներին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներով առաջիկա երկկողմ շփումները: Երկու երկրների ԱԳ ղեկավարները փաստել են դաշնակցային համագործակցության առաջանցիկ զարգացումը: Նրանք քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս