Զանգեզուրում ունենք խնդիր. Անդրանիկ Քոչարյանի համար Սյունիքը Զանգեզուր է

ԱԺ Պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դիմելով ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանին՝ հետաքրքրվեց, թե, օրինակ, մարզային ոստիկանության որոշ ստորաբաժանումներում աշխատանքի ծանրաբեռնվածությունը վերջին 10 տարում մոտ 4-5 անգամ ավելացել է։

«Արդյոք նախատեսվո՞ւմ է հաստիքների ծանրաբեռնվածության վերլուծություն անել և հաստիքներ տրամադրել։ Օրինակ, մինչև պատերազմը Գորիսի կամ Կապանի ոստիկանության բաժինն ունեցել է իքս թվով ծառայողների հաստիքներ, և պատերազմից հետո նրանց մի մասը զբաղված է հենակետերում ծառայություն իրականացնելով, ամեն վայրկյան առաջանում է արտակարգ իրավիճակ, նրանք անասելի ծանրաբեռնվածության մեջ են գտնվում։ Վերջին 10 տարում 4-5 անգամ աճել է նյութերի նախապատրաստման ծավալը, որևէ կադրային փոփոխություն չի արվում։ Գորիսին ընդամենը մեկ հետաքննիչ է տրված։ Չի կարելի այդպես թողնել, առնվազն 30-40 տոկոսով նոր իրադրության պայմաններում պետք է հաստիքների ծավալն ու քանակն ավելացնել»,- նշեց Արմեն Խաչատրյանը։

Արա Ֆիդանյանն ասաց, որ կիսում է պատգամավորի տեսակետը, սակայն հաստիքների տրամադրումն ու կրճատումն ըստ էության մշտական գործընթաց է ոստիկանությունում։

«Պարբերաբար տարբեր ստորաբաժանումներում ավելացվում են նոր հաստիքներ, պարբերաբար նաև կրճատվում են։ Մեր կողմից իրականացվում է համապատասխան վերլուծություն և աուդիտ։ Այլ է հարցը, որ գլոբալ առումով՝ այո՛, հաստիքների ավելացման կարիք կա։ Այդ հարցին մենք փորձում ենք հետևյալ կերպ մոտենալ․ Շիրակի և Լոռու մարզերում շուտով ներդրվելու է պարեկային ծառայությունը։ Կարծում եմ՝ այն էապես կավելացնի ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը»,- նշեց Արա Ֆիդանյանը։

Արձագանքելով՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ կոնկրետ սահմանային հատվածներում այդ խնդիրը պետք է հրատապ լուծվի։

Արձագանքեց նաև Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը, ինչպես միշտ, Սյունիքն անվանեց Զանգեզուր՝ նշելով, որ Զանգեզուրում պարեկային ծառայության ներդրումն ավելի ուշ է լինելու։

«Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ Զանգեզուրում ունենք խնդիր, սկսած ուղեկցումներից՝ վերջացրած անվտանգային այլ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։ Կարծում եմ՝ այնտեղ օր առաջ պետք է նախատեսվի հաստիքների ավելացում»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս