Մի ներողության պատմություն
Կառավարության այսօրվա նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցի հնարավորությունն օգտագործեց «հրապարակավ պահանջ» ներկայացնելու համար:
«Երեկ ԱԺ պատգամավորներից մեկը իրեն՝ թե՛ պատգամավորին, թե՛ ընդհանրապես, կարծում եմ, տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին, և ես հրապարակավ պահանջում եմ, որպեսզի նա ներողություն խնդրի: Եվ իմ կողմից հնարավորինս բոլոր իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի իր թույլ տված արտահայտությունների համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ապա լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ խոսքն ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի մասին է՝ առանց կոնկրետացնելու, թե պատգամավորի ո՞ր արտահայտությունն է «անվայել» բնորոշել նախարարը:
Պարզվեց՝ խոսքն Արամ Վարդևանյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրած հայտարարությունների մասին էր, երբ պատգամավորը, խոսելով Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին, ասել էր, թե պատգամավորի առողջական վիճակի ուղիղ պատասխանատվությունը կրում է հենց Առողջապահության նախարարությունը:
«Դատարանի կողմից գրություն է հասցեագրվում Առողջապահության նախարարին՝ պարզելու առհասարակ համատեղելիությունը նրա առողջական վիճակի և կալանավորման միջև, Առողջապահության նախարարը մինչ օրս այդ գրությանը չի արձագանքել, սա խայտառակություն է ոչ միայն մասնագիտական տեսանկյունից, այլ ուղղակի լկտի վարքագիծ է պաշտոնի և կարգավիճակի նկատմամբ: Մեկ ամիս է՝ առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի»,- ասել էր Արամ Վարդևանյանը:
Ներողությունը չուշացավ: Առողջապահության նախարարի «հրապարակավ պահանջ»-ից քիչ անց Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն խնդրեց Ավանեսյանից:
«Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում բառացի ասել էի՝ «Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է խայտառակություն, այլև լկտի վարքագիծ է կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ։ Մեկ ամիս է՝ Առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի»: Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից:
Որևէ խնդիր կամ դժվարություն չունեմ կնոջից ներողություն խնդրելու: Դաստիարակությունս թույլ չի էլ տալիս այլ վարքագիծ: Ուղիղ դիմեմ. տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է: Միաժամանակ մի շարք անհամաձայնություններս ու քննադատությունս չեն սահմանափակվելու»,- գրել է Արամ Վարդևանյանը: