«Իշխանություններն Արմեն Չարչյանին պահում են պատանդի կարգավիճակում». Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տևական ժամանակ կալանքի տակ պահվող Արմեն Չարչյանի առողջական վիճակին:
«Պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի ուղիղ պատասխանատվությունը, բացի այս խայտառակ վիճակից, որն ունենք իրավական համակարգում, կրում է հենց Առողջապահության նախարարությունը: Դատարանի կողմից գրություն է հասցեագրվում Առողջապահության նախարարին՝ պարզելու առհասարակ համատեղելիությունը նրա առողջական վիճակի և կալանավորման միջև, Առողջապահության նախարարը մինչ օրս այդ գրությանը չի արձագանքել, սա խայտառակություն է ոչ միայն մասնագիտական տեսանկյունից, այլ ուղղակի լկտի վարքագիծ է պաշտոնի և կարգավիճակի նկատմամբ»,- նշեց Արամ Վարդևանյանը:
Ըստ նրա, մոտ մեկ ամիս է՝ Առողջապահության նախարարությունից այդ պատասխանը չեն ստացել:
«Արմեն Չարչյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում: Արմեն Չարչյանը կալանավորված է՝ ելնելով զուտ Դատախազության մեկնաբանությունից, որն այդպես որոշել և, կարելի է ասել, ամեն կերպ իր մեկնաբանությունն առաջ է տանում: Այս իշխանություններն Արմեն Չարչյանին պահում են պատանդի կարգավիճակում»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում