«Մենք ինչպես 2020թ․ դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ. ի՞նչ ուրիշ հարց կա»․ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գործադիրի ղեկավարից պարզաբանում խնդրեց Փայլասարում կատարվածի մասին:
Հիշեցնենք՝ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողներին երեկ հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով խորհրդարանական փակ քննարկման ժամանակ այս հարցով պաշտոնյաների համապատասխան մեկնաբանություններ եղել են:
«Նրանք հաստատեցին, որ եղել է ՌԴ հենակետ երկու երկրների հենակետերի միջև: Այդ հենակետն իրենց որոշմամբ դուրս է հանվել, և դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել: Բայց ես նորից եմ առաջարկում՝ խորհրդարանական վերահսկողության ներքո ճիշտ կլինի տեղում գնալ-տեսնել այդ ամեն ինչը»,- մանրամասնել էր Ս. Օհանյանը:
Ինչպես ասում են՝ պարզաբանված հարցը պարզաբանելը հեշտ է. Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից վերահաստատեց արդեն հայտնի տեղեկությունը:
«Եթե չեմ սխալվում, ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարը երեկ այս դահլիճում պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել, որ դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և ինչպես 2020 թվականի դեկտեմբերին՝ Սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում: Ես չգիտեմ՝ ինչի մասին ուրիշ կարելի է արձանագրում անել,- ասաց նա և կրկնեց,- Այսինքն՝ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, երեկ սահմանապահ զորքերի հրամանատարն այս դահլիճում դռնփակ ռեժիմում պատգամավորների հարցերին է պատասխանել: Այսինքն՝ արձանագրումը հետևյալն է, որ այդ հատվածում սահմանապահ զորքերը, գիտեք, որ ծառայություն սկսել են իրականացնել 2020 թվականի դեկտեմբերից, և մենք ինչպես 2020 թվականի դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ. Ի՞նչ ուրիշ հարց կա»:
Հիշեցնենք՝ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ահազանգել էին, որ Փայլասարն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Հոկտեմբերի 19-ին «Զանգեզուր TV»-ի հետ զրույցում Կապան համայնքի ղեկավարը մանրամասնել էր. «Փայլասարը լեռնաշղթա է, որը ձգվում է մի քանի կիլոմետր երկարությամբ, բայց մենք՝ տեղացիներս, Փայլասար հատվածը կոչում ենք փոքր հատված, որտեղ ժամանակին տեղակայված է եղել մեր ՀՕՊ զորամասը: Ինչու՝ նախկինում է տեղակայված եղել, դա ուղիղ առնչություն ունի հենց դեկտեմբերի 18-ի իրադարձությունների հետ, երբ զիջվեցին մեր բոլոր անվտանգության գոտիները:
Այդ հատվածը կոչում ենք նաև «Լակատոր», և այնտեղ տեղակայված են ադրբեջանական սահմանապահ զորքերը և մի քիչ ներքև՝ հայ սահմանապահ զորքերը: Երկու օր առաջվա դրությամբ այս հատվածում տեղակայված են եղել նաև ռուս սահմանապահ զորքերից մի խումբ, այժմ ռուս սահմանապահները տեղափոխվել են և տեղակայվել են այլ հատվածում: Եվ քանի որ սա ստրատեգիական նշանակություն ունեցող հատված էր մեզ համար, հիմա, ռուսների բացակայության պատճառով, այս հատվածն ամբողջովին անցավ ադրբեջանցիների վերահսկողության ներքո»: