Մեր եզրակացությունը մեկն է՝ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով ՝ ՀՀ իշխանությունների կողմից. Սեյրան Օհանյան

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները»  թեմայով խորհրդարանական փակ քննարկումից հետո  Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ  գործընկերները ներկայացրել են որոշակի գաղտնի տեղեկություններ, որոնք չի հանրայնացնի, սակայն կներկայացնի նիստից մի քանի եզրակացություն:

«Առաջինն այն է, որ մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական գործիչներին՝ գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և նաև՝ իրավական հենքերին: Իսկ այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ մենք չստացանք: Չստացանք հարցերի պատասխաններ, որոնք ուղղված պետք է լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը:

Գիտեք, որ նոյեմբերի 9-ին հայտարարություն է տեղի ունեցել, որի համաձայն՝ զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտված են: Երկրորդ եզրակացությունն այս քննարկումից այն է, որ որևիցե հենք չի եղել, որ հայկական զորքերը՝ լինի պաշտպանության նախարարություն թե սահմանապահ զորաբաժանումներ, հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է՝ հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունը մեկն է՝ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով ՝ ՀՀ իշխանությունների կողմից, թե ում կողմից՝ թող իրենք գնահատեն և մեր հանրությանը ներկայացնեն:

Երրորդ՝ ժամանակին որոշում չի ընդունվել կարևոր ռազմավարական կետեր, ճանապարհներ, բարձունքներ զբաղեցնելու, արդեն իսկ՝ թեկուզ չհաստատված, իրավական հենք չունեցող, բայց այն շփման գծում, որը նախկինում եղել է Խորհրդային Միությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսինքն՝ պետք է արագ կերպով մոբիլիզացիա արվեր, պետք է որոշումներ ընդունեին: Այդ որոշումների ընդունելու ժամանակահատվածը մեկ-երկու ժամ է, ամենակարևոր կետում դիրքերը կահավորելու ժամանակահատվածը՝ մի քանի օր է, իսկ տեղի բնակչության օգնությամբ (որովհետև նրանք կազմավորել են ջոկատներ և առաջարկել իրենց օգնությունը) ավելի արագ կկահավորվեր:  Բայց կատարվել է հակառակը՝ օրինակ, Սյունիքի մարզում ՏԻՄ-երից եղել են ստորաբաժանումներ, որոնց ցուցում են տվել հետ քաշվել այն դիրքերից, որոնք իրենք զբաղեցնում են»,- մանրամասնեց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարն ամփոփելով՝ նշեց, որ հաշվի առնելով ներկայացվածը՝ պետք է բարձրացնել ՊՆ և ԱԱԾ Սահմանապահ զորքերի համատեղ փոխգործակցության մակարդակը, փոխգործակցությունը և՛ մարտական հերթապահության ժամանակ, և նաև՝ մարտական խնդիրներ կատարելու ժամանակ:

Նա ցավով արձանագրեց, որ այսօր Ադրբեջանի պարտադրմամբ, առանց որևէ իրավական հենքի են սկսվելու սահմանագծման աշխատանքները: Այս համատեքստում պաշտպանության նախկին նախարարն անդրադարձավ նաև մայիս ամսից ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների տարբեր դրվագներին.

«Ոչ մեկը եզրակացություն չի արել՝  ինչո՞ւ ադրբեջանցիները մխրճվեցին ՀՀ տարածք, ովքե՞ր են մեղավորները, ի՞նչ պատասխանատվություն են կրել, և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ դիրքերը վերականգնելու ուղղությամբ: Այդ պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի հռետորաբանությունը պարտադրանքի ձևով տանում է նրան, որ ՀՀ-ն պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի, ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը, գնա սահմանների գծման և սահմանազատման: Այս իրականությունը մեզ համար մտահոգիչ է, որովհետև տարբեր խոսակցություններ կան՝ ընդ որում, ասում են նաև, որ ստվերային, ընդհատակյա պայմանավորվածություններ կան: «Հայաստան» դաշինքի,  խմբակցության խնդիրն է հասկանալ իրականությունը, իրադրությունը և կանխել.  ստեղծել ինչ-որ դիմադրության շարժում մեր պետությունում, որպեսզի անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության նման ինչ-որ հայտարարություն այսօր չլինի և չկանգնեցնեն փաստի առջև մեր հայ ժողովրդին:  Նմանատիպ կարևոր հայտարարությունները, ի վերջո, պետք է վավերացում ստանան և՛ ԱԺ-ում, և՛ համաձայնեցվեն ժողովրդի հետ»:

Նոր՝ ավելի բարձր մակարդակով հանդիպման անհրաժեշտության մասին լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց. «Նման միջոցառումներին կառույցների  առաջին դեմքերը պետք է ներկա լինեն՝ կառավարության ղեկավարը, գերատեսչությունների, նախարարությունների ղեկավարները: Այն մտավախությունը, որ տիրում է Հայաստանում, դրանով առաջինը պետք է մտահոգված լինեն այսօրվա իշխանությունները՝ ճիշտ, հստակ տեղեկություններ տալով՝ փարատեն այդ ամենը»:

Հարցին՝ որդյո՞ք փակ նիստում նոյեմբերի 9-ին  ենթադրվող պայմանագրի առնչությամբ պարզաբանում հնչել է, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այս մասով և իրավական մասով հարցադրումներ չեն եղել. փոքր մասեր են եղել, բայց տվյալ պաշտոնյաները՝  զինվորականները, այդ հարցերին չեն պատասխանել, որովհետև նրանք չէին տիրապետում»:

Կապանի ճանապարհների, Փայլասարի շուրջ վերջին զարգացումներին անդրադառնալով՝ պատգամավորը նկատեց, որ պաշտոնյաների  համապատասխան մեկնաբանություններ եղել են. «Նրանք հաստատեցին, որ եղել է ՌԴ հենակետ երկու երկրների հենակետերի միջև: Այդ հենակնետն իրենց որոշմամբ դուրս է հանվել, և դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել: Բայց ես նորից եմ առաջարկում՝ խորհրդարանական վերահսկողության ներքո ճիշտ կլինի տեղում գնալ-տեսնել այդ ամեն ինչը»:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Խորհրդարանում մեկնարկել է փակ ռեժիմով հրատապ քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով։ Թեև նախապես հրավիրել էին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, սակայն նրանցից որևէ մեկը քննարկմանը ներկա չէր։ Քննարկմանը մասնակցում էին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցը։ Սահմանների վերաբերյալ նրանք լրագրողների հարցերին չպատասխանեցին, պատճառաբանելով, թե նիստի ավարտից հետո կխոսեն։

Տեսանյութեր

Լրահոս