«Խնդրում եմ՝ նիստերի գալուց առաջ որոշ ավագանու անդամներ լողանան». Թեհմինա Վարդանյան

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորի՝ Լևոն Հովհաննիսյանի և Արմեն Գալջյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» N28-Ա որոշման մեջ և դրամական փոխհատուցում չտալ ավագանու անդամին, երբ, օրինակ, վերջինս բացակայել է ավագանու հերթական նիստից, կամ երբ չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին:

Առաջարկվող փոփոխությամբ՝ եթե ավագանու անդամները ցանկանում են, որ իրենց բացակայությունը հարգելի համարվի, բացակայելու դեպքում պարտավոր են, օրինակ, ներկայացնել բժշկական տեղեկանք:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ իշխանական խմբակցության դե յուրե ղեկավարը՝ Արմեն Գալջյանը, և անդամներից մեկը բերել են նախագիծ, որով փորձում են «կանոնակարգել սեփական ավագանու անդամներին»:

«Արդեն շուրջ 3 տարի է՝ մենք անցել ենք մեր լիազորություններին, բայց գեթ մեկ անգամ չի եղել, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից գոնե 50 ավագանու անդամ ներկայացված լինի նիստերի դահլիճում։ «Լույս» խմբակցությունը բաղկացած է 3 հոգոց, 5 հոգուց է բաղկացած ԲՀԿ խմբակցությունը, 57 ավագանու անդամ ուներ նախկինում «Իմ քայլը» խմբակցությունը, այժմ՝ 54:

Պարոն Գալջյան, հիմա ուղիղ հարց եմ տալիս Ձեզ, քանի՞ ավագանում անդամ ունեք այս պահին դահլիճում: Այսինքն՝ Դուք այնքան իմպոտենտ եք, այնքան ամուլ եք քաղաքականապես, որպես ղեկավար, որպես կուսակցություն կամ խմբակցություն, որպես դաշինք, որ չեք կարողանում մարդ բերեք, ձեր ավագանու անդամներին ամսվա մեջ մի օր նստացնեք դահլիճում…

Հիմա էստեղ պարոն Հովհաննիսյանն ինչ-որ փաթեթավորում ա, փորձում ա սուրճ խմի, Դուք ինչ-որ քաբաբից եք խոսում, Ձեր ղեկավարի ամենասիրելի ուտելիքն է, ի դեպ, իսկ քաբաբից խոսելուց՝ նախկին ավագանու անդամների մասին, հիշեք, որ Դուք՝ Ձեր փոքրամարմին ու փոքրոգի հալով, էդքան ապրած, վաստակած ու արարած չունեք, ինչպես, օրինակ, նախկին ավագանու անդամ պարոն Լպուտյանը, Երզնկյանը, Վարդազարյանը և այլն:

Քաբաբից մի՛ խոսացեք, որովհետև ես խնդրում եմ՝ գոնե նիստերի գալուց որոշ ավագանու անդամներ լողանան, այ տենց, որ քաբաբի հոտ չգա վրաներից, որ կեղտոտ բոթասի հոտ չգա… Եթե Դուք անցնում եք Ձեր չափը ու լկտի եք դրսևորում, լողացեք, եկեք նիստի: Եթե էդ չեք կարողանում ապահովել, ինչի՞ մասին եք խոսում»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Ավագանու անդամն անդրադարձավ նաև նախագծով առաջարկվող՝ բժշկի թուղթ բերելու վերաբերյալ փոփոխությանը՝ նշելով, որ Գալջյանը, հավանաբար, ԱԺ-ում օգնական աշխատելով, որոշ բաների տիրապետում է, բայց ավագանու անդամն ու պատգամավորը նույնը չեն:

«Պարոն Գալջյան, կներեք, Դուք ո՞վ եք, Դուք ո՞վ եք, որ ես՝ որպես ավագանու անդամ, ընտրովի մարմնի ներկայացուցիչ, ընտրված ավագանու անդամ, պետք է բերեմ, բժշկի թուղթ ներկայացնեմ: Կներեք, Դուք ո՞վ եք…

Դուք ոչ մեկ եք, որ կանոնակարգեք ավագանու ընտրված մարմնի աշխատանքը, թե երբ նիստին ներկա լինել, թե որ հարցից հետո գնալ, որից հետո՝ չէ: Դուք և, չեմ ուզում անվանական ասել, ձեր խմբակցությունից բազմաթիվ անգամներ զանգել եք, այո՛, մեր ֆրակցիայի ղեկավար պարոն Խաժակյանին ու խնդրել եք, որ նիստին որևէ մեկս ներկա լինի, որովհետև 54 հոգուց 33 հոգի չեք կարողանում ապահովել»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս