Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն…. Արսեն Թորոսյանը՝ Գեղամ Նազարյանին

ԱԺ-ում Ամանորի տոնական օրերն աշխատանքային դարձնելու նախագիծը քարոզելիս ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ժամանակին իր մտքով էլ է անցել նման օրենք, երբ լինելով փոքր բժշկական հիմնարկի տնօրեն, միշտ զարմացել է, թե ինչպես կարելի է երկար հանգստանալ, եթե այդքան հիվանդ կա սպասող, և հետո՝ որպես նախարար, երբ ոլորտը ծանրաբեռնվում էր միայն հերթապահ բժիշկների հաշվին, և մյուսները հանգստանում էին:

Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ քաղաքակիրթ աշխարհին նմանվելու նման օրենքների քննարկումների ժամանակ շատ էժան շահարկումներ են անում,  սկսում  կապել քրիստոնեական արժեքների, ավանդույթների հետ:

Այս միտքը զայրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, և նա տեղից նկատեց, որ կրոնական հարցերը, մեռելոցների հարցն էժան շահարկում չէ:

Արսեն Թորոսյանն էլ իր հերթին հորդորեց տեղից չխոսել:  Գեղամ Նազարյանը նորից ընդհատեց՝ նշելով, որ Թորոսյանը կրոնից հեռու է ու աթեիստ:

«Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն, ի տարբերություն շատերի՝ ես չեմ թաքցնում կրոնական պատկանելիությունը կամ չպատկանելիությունս»,- պատասխանեց Արսեն Թորոսյանը:

Գեղամ Նազարյանն էլ ի պատասխան՝ ասաց՝ հարցեր կան ու շատ մեծ հարցեր կան:

«Ի տարբերություն շատերի՝ ես չեմ թաքցնում կրոնական պատկանելիությունը կամ չպատկանելիությունս»,- մեկ անգամ էլ շեշտեց «աթեիստ» պատգամավորը, ապա շարունակեց ելույթը և հայտնեց, որ Հայաստանն ազատ օրերով ռեկորդակիր է, իսկ երբ ասվում է, որ դեկտեմբերի 31-ը և 1-ը քիչ է, ապա հիշեցրեց, որ «արանքում շաբաթ և կիրակիներ էլ են լինում, որը ոչ մեկը չի չեղարկել:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս