44 օրվա և դրանից հետո ևս 8 օրվա ընթացքում ես ամեն օր տեսել եմ, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել այդ պատերազմին. Վահան Քերոբյան

Հոկտեմբերի 26-ին մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան, որի օրակարգում ընդգրկված է 18 հարց, այդ թվում՝ Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիշեցնենք՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել էր, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ:

Այսօր ևս օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ երկար նախաբանով կարևորելով իր առաջարկի անհրաժեշտությունը:

«13 ամիս առաջ այս դահլիճում հայտարարվեց ռազմական դրություն, և ես իմ եղբայրների հետ գնացի զինկոմիսարիատ, ու մեկնեցինք պատերազմի: 44 օրվա և դրանից հետո ևս 8 օրվա ընթացքում ես ամեն օր տեսել եմ, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել այդ պատերազմին. թե՛ որպես մարդ, թե՛  որպես բանակ, թե՛ որպես երկիր մենք չենք կարողացել 26 տարվա ընթացքում ամրապնդել մեր հայրերի հաղթանակն ու ցեմենտել այն:  Նույնիսկ ամենահայրենասեր մարդիկ, լինելով անպատրաստ, դառնում են երկչոտ և խոցելի:

Այնպես ստացվեց, որ պատերազմ գնալուց պայուսակիս մեջ մնացել էր այս գիրքը՝ «Յուրահատուկները. հաջողության պատմությունը»: Այստեղ պատմություն է այն մասին, թե ինչքան կարևոր է մարդու ծննդյան ամսաթիվը Կանադայում, Չեխիայում ու շատ այլ երկրներում,  որպեսզի հաջողության հասնեն հոկեյում կամ ֆուտբոլում:

Այս  գրքի ամեն տողում գրված է անխոնջ աշխատանքի մասին՝ որպես հաջողության հասնելու միակ ձև: Նկարագրված ամեն դրվագում հաջողությանը նպաստող պատահականությունը զուգորդված է անքուն գիշերներով, նպատակասլաց աշխատանքով»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ ներկայացված նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ, այլ քաղաքակրթական նախագիծ.

«ԱԺ-ն, որպես ազգին առաջնորդող մարմին, պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս