2.2 միլիարդ դոլար ներդրումներ և ևս 1 միլիարդ դոլարի նոր նախագծեր` ՌԴ-ից

Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի կարծիքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն, զարգանում է նաև ներդրումային համագործակցությունը:

«2021 թվականին 17 տոկոս աճ՝ այն դեպքում, երբ մենք 4 տոկոս անկում ունեինք համավարակի տարում:

Մեզ մոտ աճում է ներդրումային համագործակցությունը. ավելի քան 2.2 միլիարդ դոլար ներդրումներ Ռուսաստանից Հայաստան, և մենք գիտենք, որ կոնկրետ կան ևս 1 միլիարդ դոլարի հստակ ծրագրեր, որոնք մոտակա ժամանակահատվածում որպես ներդրում՝ կհատկացվեն Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ»,- հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Դմիտրի Վոլվաչը՝ նկատելով, որ այդ ներդրումը լուրջ ավանդ կլինի տնտեսական, մշակութային, սոցիալական հարաբերությունների զարգացման գործում:

Նրա հավաստմամբ՝ այդ ներդրումների մասին պայմանավորվածություններ արդեն գոյություն ունեն.

«Հասկանալի են ոչ միայն ոլորտները, այլև կազմակերպությունները և նախագծերը, որոնցում այդ գումարները ներդրվելու են»:

Հարցին, թե ինչու է ռուսական բիզնեսն այսքան մեծ մասշտաբներով ակտիվանում հայկական շուկայում՝ Ատոմակայան, ԶՄՊԿ, արդեն հայտնի է նաև մետրոյի նոր կայանների մասին հայտարարությունը, ՌԴ փոխնախարարը պատասխանեց, որ փոխադարձ ներդրումները դրական են. «Ցանկացած երկիր, ցանկացած տնտեսություն ներդրումների կարիք ունի: Ըստ վիճակագրության՝ այս պահին ՀՀ-ում արտաքին ներդրումների 40 տոկոսը ՌԴ ներդրումներն են: Եվ կարծում եմ՝ տրամաբանական է, որ այդ մասնաբաժինը, նվազագույնը՝ պետք է պահպանվի»:

Նոր ԱԷԿ-ի կառուցման շուրջ հայ-ռուսական քննարկումների վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ Դմիտրի  Վոլվաչը նշեց, որ այս թեմայով զարգացումների դեպքում՝ կլինեն պաշտոնական հայտարարություններ: Իսկ՝ իրատեսակա՞ն է այդ նախագիծը՝ հարցին, ըստ նրա, պետք է պատասխանեն մասնագետները:

Տեսանյութեր

Լրահոս