«Գողացված համարանիշ վերադարձնելն արդեն կոպեկներ կարժենա». Վարորդները՝ կորած (գողացված) պետհամարանիշերի վերականգնման վերաբերյալ նոր կարգավորումների մասին
Հոկտեմբերի 16-ից ուժի մեջ կմտնեն կորած (գողացված) պետհամարանիշերի վերականգնման վերաբերյալ նոր կարգավորումները: Ի դեպ, սա տարածվում է 2020թ․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Փոփոխություն և լրացում կատարվել է Կառավարության 2010թ․ սեպտեմբերի 9-ի 9-Ի N 1251-Ն որոշման մեջ։ Փոփոխությունների համաձայն՝ թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներին ու ավտոբուսներին եթե հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլներին, քվադրիցիկլներին, մոպեդներին, կցորդներին ու կիսակցորդներին)՝ 1 համարանիշ: Նաև դրա փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ` առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում՝ գրառվում է 1), կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր։
Կարգի 22-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ` առանց հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանի, իսկ զույգ համարանիշերից մեկի երկրորդ և ավելի անգամ կորստյան դեպքում դրանց կրկնօրինակները հատկացվում են սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով: Այդ դեպքերում մինչև կրկնօրինակի հատկացումը հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ՝ 7 օր ժամկետով։
Իսկ 21-րդ կետը սահմանում է, որ կորած զույգ համարանիշերի, իսկ եթե սույն կարգի 12-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ` առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում` գրառվում է 1), կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:
Տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով (12.000 դրամ), իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում՝ նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար։
Վարորդ Արմեն Հակոբյանն այս փոփոխությունից գոհ է, կարծում է՝ համարանիշի գողությունը կնվազի:
«Համարանիշ կորցնելուց հետո նորը չէին տալիս, քանի որ օրենքով սահմանափակված էր, ու ստիպված վճարում էինք գողացողներին, որ հետ բերեն համարները: Զույգ համարանիշը վերականգնել չէր լինում, դրա համար էլ հանցագործներն ավելի էին ոգևորվում, գողանում ու գումար պահանջում»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Տուժած քաղաքացիներից Նաիրին էլ հույս հայտնեց, որ հարցը վերջապես կլուծվի:
«Գողացված համարանիշ վերադարձնելն արդեն կոպեկներ կարժենա։ Իմ համարանիշը, մոտ 200.000 դրամ արժողությամբ, գողացել ու 50.000-60.000 դրամ էին պահանջում: Հիմա կորած համարանիշն էլ կլինի հետախուզման մեջ ու հետագայում հնարավոր չի լինի օգտագործել»,- հավելեց նա:
Հավելենք, որ կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք սահմանված կարգով ենթակա են ոչնչացման՝ բացառությամբ մեծ պահանջարկ ունեցող կորած զույգ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը հատկացված չլինելու դեպքերի։