ԱՄՆ-ը նոյեմբերին կբացի Մեքսիկայի և Կանադայի հետ ցամաքային սահմանները COVID-19-ի դեմ պատվաստվածների համար
ԱՄՆ-ը պատրաստվում է նոյեմբերի սկզբին կրկին բացել Մեքսիկայի եւ Կանադայի հետ ցամաքային սահմանները COVID-19-ի դեմ լիովին պատվաստված անձանց համար: Այդ մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ը պլանավորում է նոյեմբերից սկսած մեղմացնել ուղեւորության սահմանափակումները Մեքսիկայից եւ Կանադայից լիովին պատվաստված այցելուների համար, մեղմացնելով այն արգելքները, որոնք գործում են արդեն 18 ամիս: Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ կոնկրետ ամսաթիվը դեռ չի որոշվել:
Նշվում է, որ նոր կանոնները, որոնք նման են միջազգային ավիաուղեւորների համար հայտարարված կանոններին, կներդրվեն փուլ առ փուլ: Ներկայում լիովին պատվաստված ԱՄՆ-ի քաղաքացիներին թույլատրված է մուտք գործել Կանադա, բայց կանադացիներին չի թույլատրվում ԱՄՆ մուտք գործել ցամաքով: Մեքսիկան բաց է բոլոր ճանապարհորդների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: