Կառավարությունը 35 միլիոն դրամ տրամադրեց վարչապետի գավաթի մրցույթի անցկացման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 35 մլն դրամ (72.5 հազար դոլար) հատկացնել Երևան-Էջմիածին մայրուղում կրոսավազքի վարչապետի գավաթի մրցաշար կազմակերպելու համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ նպատակը բարի է, միտված է կրոսավազքի մասսայականացմանը: Ամեն տարի անցկացնելու են 4 տարբեր սպորտաձևերից մասսայական միջոցառումներ: Մրցույթը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին՝ Փարաքար-Էջմիածին հատվածում:

«Այս 35 մլն դրամից 15 մլն դրամը մրցանակային ֆոնդն է կազմում, մնացածը կազմակերպչական տարբեր նպատակների համար է: Մրցաշարը կանցկացվի երեք տարիքային խմբով: Առաջին խումբը 15-17 տարեկաններն են՝ 3 կմ երկարությամբ: Երկրորդ տարիքային խումբը 18-35 տարեկան կանայք են և 18-40 տարեկան տղամարդիկ՝ 10 կմ երկարությամբ: Երրորդ խումբը 36 տարեկանից բարձր կանայք են և 41-ից բարձր տղամարդիկ՝ 10 կմ երկարությամբ:

Առաջին տարիքային խմբում առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրավողները կպարգևատրվեն նոութբուքերով:

Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղը գրավողը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը գրավողը՝ 600 հազար դրամ, երրորդ տեղը գրավողը՝ 400 հազար դրամ, 4-րդ տեղը գրավողը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը գրավողները կստանան 75 հազար դրամ, իսկ 11-20 տեղերը գրավողները՝ 50 հազարական դրամ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ այլ մանրամասների մասին կտեղեկացնեն հավելյալ:

Տեսանյութեր

Լրահոս