«Որևիցե պաշտոնյա, հանրային ծառայող, քաղաքացի չի կարող դատավորի վրա ներազդել, եթե դատավորը նման հակումներ չունի». դատավոր Արշակ Վարդանյան
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը՝ այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում գումարվել էր դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի՝ էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է:
Ժողովի մեկնարկից առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե դժվար է կիրառել իշխանության՝ վեթինգ անելու շարժառիթները:
«Ժամանակը երևի ցույց կտա, թե ինչ նկատի ունեն, կոնկրետ ում նկատի ունեն: Ինչ-որ անձանց ցուցակի մասին, 40 անձանց մասին է խոսվում: Երևի մոտակա ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կլինի, փաստերով արդեն հնարավոր կլինի գնահատել…
Մենք նորմալ աշխատում ենք՝ յուրաքանչյուրս իր տեղում, իր դիրքում»,- ասաց Արշակ Վարդանյանը:
Ինչ վերաբերում է դատավորների հանդեպ կարգապահական վարույթների կիրառմանը, դրանց ավելացմանը՝ Վարդանյանը նշեց, թե անգամ եվրոպական կառույցներն են արձանագրել, որ արդարադատության նախարարը չպետք է ունենա դատավորների դեմ վարույթ հարուցելու գործիքակազմը:
«Հատկապես խոսքը վերաբերում է նյութական դատավարական իրավունքի խախտման դեպքերին: Էթիկայի հետ կապվածը մի տեղ կարող է նաև ժամանակավոր ընդունելի լինել, բայց նյութական դատավարական իրավունքի խախտումների առումով՝ կարծում եմ, որ այդտեղ կան արդարադատությանը խոչընդոտելու, դատավորի անկախությանը կարծես թե միջմատելու ռիսկեր»,- ասաց դատավոր Վարդանյանը:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի խոսքով՝ «որևիցե պաշտոնյա, հանրային ծառայող, քաղաքացի չի կարող դատավորի վրա ներազդել, եթե դատավորը նման հակումներ չունի»: