Բաժիններ՝

ՔԿ-ն, 3 ամիս է, չի պատասխանում, թե քանի արտաշիրմում է արվել․ զոհվածների ծնողները պատրաստվում են կադրեր հրապարակել

2020 թվականի սեպտեմբերի պատերազմի մեկնարկից անցել է 1 տարի, բայց դեռ շատ ծնողներ շարունակում են փնտրել իրենց զավակներին։ Քիչ չեն դեպքերն ու դրանց մասին տեղեկությունները, որ տղաների մարմիններն անճանաչելի են եղել կամ միայն մասունքներն են եղել: Ծնողներին մարմինները հանձնել են միայն ԴՆԹ-ի համընկնումից հետո։ Այս ամենին զուգահեռ՝ 168.am-ը անհետ կորած զինծառայողների հարազատներից պարբերաբար զանգեր է ստանում, որ չնայած ծնողներին ասել են՝ ԴՆԹ-ի 100 տոկոսանոց համընկնում է եղել, որոշ ժամանակ անց նույն ծնողներն իրենց որդու ամբողջական մարմինը գտել են դիահերձարաններից մեկում պահվող սառնարանում։

Ուստի ծնողների բարձրացրած մի շարք հարցերի պատասխանները ստանալու նպատակով 168.am-ը դեռ հունիսի սկզբին գրավոր հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին.

  • Մինչ օրս քանի՞ արտաշիրմում է արվել, ո՞վ է պատասխանատու այդ սխալի համար, արդյո՞ք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվել է տվյալ կոպիտ սխալի համար։
  • Մինչ օրս քան՞ի մարմին և մասունք է դատաբժշկական փորձաքննության ենթարկվել։
  • Այս պահին քանի՞ մարմին և մասունք կա, որոնց ԴՆԹ-ն հաստատված չէ։
  • Նշեք, թե քանի՞ մասունք կա, որ այլևս հնարավոր չէ փորձանմուշ վերցնել։

Առողջապահության նախարարության պատասխանում նշված էր․ «խնդրի վերաբերյալ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղեկություն առկա չէ, քանի որ նման զանգեր կենտրոնը չի ստացել։ Արտաշիրմումի կատարման անհրաժեշտության և դրան վերաբերող հարցերի պատասխանները կարող եք ստանալ՝ դիմելով ՀՀ քննչական կոմիտե»։

168.am-ը 2021 թվականի հունիսից մի քանի անգամ նույն հարցումն ուղարկել է նաև ՀՀ քննչական կոմիտե, սակայն, ինչպես ՔԿ-ի աշխատակիցներին էին փոխանցում՝ հարցումը կորել է, հետո թե՝ տեխնիկական խնդիր է առաջացել․ մեկ անգամ էլ բոլորովին այլ հարցման պատասխան էին ուղարկել, որը 168.am-ն արդեն ստացել և հրապարակել էր։

Վերջին հարցումը 168.am-ը Քննչական կոմիտե է ուղարկել սեպտեմբերի 1-ին՝ մեկ ամիս առաջ, սակայն մինչ օրս որևէ պատասխան այս կառույցը չի տրամադրել։ Մինչդեռ, ավելորդ չէ հիշեցնել, ՀՀ «տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»: ՔԿ-ից ոչ 5-օրյա ժամկետում և ոչ էլ դրանից հետո որևէ գրավոր պատասխան կամ ժամկետի հետաձգման մասին պատճառաբանություն չենք ստացել:

Իսկ մեր հարցման տեքստը հետևյալն է՝

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից քաղաքացիներին վստահեցնում են, որ Արցախյան վերջին պատերազմում զոհված տղաների մասունքներից վերցված փորձանմուշները 100%-ով համընկնում են ծնողների հանձնած ԴՆԹ թեստերի հետ, սակայն վերջին շրջանում որոշ ծնողներ ահազանգում են, որ հուղարկավորությունից ավելի ուշ պարզել են, որ հողին են հանձնել բոլորովին այլ զոհվածի մասունքներ, իսկ նրանց Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից ընդամենը պատասխանում են, որ սխալմունք է եղել և ստիպված արտաշիրմում է արվում, ինչպե՞ս է դա հնարավոր։

Մինչ օրս քանի՞ արտաշիրմում է արվել, ո՞վ է պատասխանատու այդ սխալի համար, արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է այդ կոպիտ սխալի համար (Ծնողները 168.am-ի հետ զրույցում հաստատել են արտաշիրմման փաստը, անգամ տեսանյութ են տրամադրել):

168.am-ին ահազանգող ծնողները մեզ հետ զրույցներում ասում են.

«Մեր համբերության բաժակը լցվել է, եթե մեղավորներին չպատժեն, մենք մեր քայլերի համար պատասխանատու չենք, կհրապարակենք նաև վաղ առավոտյան, բոլորից թաքուն արտաշիրմում իրականացնելու տեսանյութերը, հարկ եղած դեպքում՝ նաև տղերքի տվյալները, որ ազգը իմանա, թե ոնց են վարվում մեր հերոսների հետ»,- Նշենք, որ մեզ ահազանգող ծնողները ինչպես Երևանից են, այնպես էլ՝ Հայաստանի տարբեր մարզերից։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողի և քաղաքացիական անձանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս