Բաժիններ՝

«Մինչ օրս քանի՞ արտաշիրմում է արվել»․ Առողջապահության նախարարությունը որևէ տեղեկության չի տիրապետում

2020 թվականի սեպտեմբերի 27–ին սկսված պատերազմից անցել է 8 ամիս, սակայն շատ ծնողներ դեռ շարունակում են փնտրել իրենց զավակներին։ Բազմաթիվ  են դեպքերը, երբ տղաների մարմիններն անճանաչելի են եղել կամ միայն մասունքներն են եղել: Ծնողներին մարմինները հանձնել են միայն ԴՆԹ-ի համընկնումից հետո։ Այս ամենին զուգահեռ՝  168.am-ը անհետ կորած զինծառայողների հարազատներից պարբերաբար զանգեր է ստանում, որ չնայած ծնողներին ասել են՝ 100 տոկոսով համընկնում է եղել, որոշ ժամանակ անց նույն  ծնողներն իրենց որդու ամբողջական մարմինը գտել են դիահերձարաններից մեկում պահվող սառնարանում։

168.am-ը գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին՝ հետևյալ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով.

  • Մինչ օրս քանի՞ արտաշիրմում է արվել, ո՞վ է պատասխանատու այդ սխալի համար, արդյո՞ք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվել է տվյալ կոպիտ սխալի համար։
  • Մինչ օրս քանի մարմին և մասունք է դատաբժշկական փորձաքննության ենթարկվել։
  • Այս պահին քանի՞ մարմին և մասունք կա, որ ԴՆԹ-ն հաստատված չէ։
  • Նշեք, թե քանի՞ մասունք կա, որ այլևս հնարավոր չէ փորձանմուշ վերցնել։

Առողջապահության նախարարության պատասխանում  նշված է, որ խնդրի վերաբերյալ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղեկություն առկա չէ, քանի որ նման զանգեր կենտրոնը չի ստացել․

«1. Միաժամանակ, հարկ է նշել, որ արտաշիրմումը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, քննչական գործողություն է, որը կատարվում է նախաքննական մարմնի համապատասխան որոշման հիման վրա՝ նախաքննության ընթացքում առաջացած անհրաժեշտությամբ։

2. ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը արտաշիրմման դեպքերի, քանակի և հետագա ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկության չի տիրապետում։ Արտաշիրմում կատարման անհրաժեշտության և դրան վերաբերող հարցերի պատասխանները կարող եք ստանալ՝ դիմելով ՀՀ քննչական կոմիտե։

3.4. 2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ կատարվել է 3756 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, որից դեռևս 50 դիակից և մասունքից վերցված փորձանմուշ գտնվում է կրկնակի հետազոտման փուլում։

5. Ինչ վերաբերում է բարդ, վնասված փորձանմուշներին, ապա բանակցություններ են տարվում արտերկրի փորձագիտական կենտրոնների հետ՝ հետազոտություններն այնտեղ կատարելու համար»։

Չնայած Առողջապահության նախարարության պատասխանում նշված է, թե արտաշիրմման վերաբերյալ ահազանգեր չեն ստացել, պետք է նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները բազմիցս տարբեր խնդիրների մասին բարձրաձայնել են, դրանց մասին, իրենց պնդմամբ, տեղեկացրել են թե՛ առողջապահության նախարարությանը, թե՛ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Ավելին, անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, որը 2 ամիս առաջ եկել էր Երևան՝ հանդիպելու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, սակայն 4 ժամ սպասելուց հետո այդպես էլ նախարարի հետ հանդիպումը չկայանալուց հետո, 168.am-ի հետ զրույցում կոնկրետ փաստերով նշել էր, թե որտեղ և ում են արտաշիրմում արել, տրամադրել էր նաև համապատասխան փաստերով տեսանյութը։ Մեր կայքում տեսանյութը հրապարակել էինք՝ գերեզմանոցի հարակից տարածքները, մարդկանց նկարները փակելով, չնայած դրան, մեզ հետ կապ էր հաստատել զինծառայողներից մեկի մայրը, խնդրել, որպեսզի հեռացնենք այն, քանի որ իր համար կրկնակի ցավ է։ Տեսանյութը, իհարկե, հեռացրեցինք՝ զոհվածի մորը տեղյակ պահելով, որ մեր խոսակցությունը ձայնագրվում է, հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ ԴՆԹ-ով համընկած փորձանմուշը հուղարկավորելուց 1 ամիս անց գտել են իրենց որդու ամբողջական մարմինը, և արտաշիրմում է արվել։ Պատասխանեց՝ այո։

168.am-ը պատրաստվում է գրավոր հարցում ուղարկել ՀՀ քննչական կոմիտե։ Պատասխանը ստանալուն պես  կհրապարակենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս