Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման մասին ցանկացած հայտարարություն իրանական կողմում բացասական արձագանքի է արժանանում. իրանագետ

«Եթե պաշտոնական մակարդակում դեռևս որոշակիորեն փորձ է արվում պահպանել բարեկամական մթնոլորտը, ապա սոցցանցային և վերլուծական ԶԼՄ-ների ու նույնիսկ բանակի ղեկավարների մակարդակում արդեն բավականին լուրջ քարոզչական ազդակներ են հասցվում ադրբեջանական հանրապետության ղեկավար Իլհամ Ալիևին՝ իր ելույթում հակաիրանական շեշտադրումների հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությանը՝ նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը:

Նրա խոսքով, հաճախ այդ հայտարարությունները բավականին անհարգալից դրսևորումներ են ունենում՝ ինչպես, օրինակ, գեներալներից մեկի կողմից այն արձանագրումը, թե Ալիևը փոքր երեխա է, որին չպետք է այդքան ուշադրություն դարձնել, կամ վերլուծական հրապարակումների մակարդակում, որոնք այս օրերին բազմաթիվ են, նկատառումը, որ Բաքուն գործնականում կորցրել է իր ինքնիշխանությունը և դարձել է թուրքական կամակատար.

«Այսինքն՝ եթե մինչ այդ որոշակիորեն չէր թիրախավորվում հենց անմիջապես Բաքվի բռնապետը, ապա իր ելույթից հետո իրանական ԶԼՄ-ների կողմից, կարծեք, թիրախավորվել է հենց Իլհամ Ալիևը. փորձ է արվում արդեն քարոզչական պայքարի մեջ ներքաշել Ալիևին և նրա լեգիտիմությունը՝ որպես Ադրբեջանի ղեկավարի»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում զարմանք էր հայտնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների առնչությամբ՝ նշելով. «Մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություն տեղի չէր ունեցել: Նախևառաջ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավասու է ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակային սահմաններում, տեսնում ենք, որ նման բան երբեք չէր եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այս հարցը ոչ թե ես եմ տալիս, այլ Ադրբեջանի հասարակությունը»:

Իրանի զինվորականների գործողություններն Ալիևը որակել է «զգացմունքային արձագանք» Ադրբեջանի կողմից Հայաստան-Իրան միջպետական ճանապարհին իրանական բեռնատարների վարորդներից «ճանապարհային հարկ» գանձելու որոշումը:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ կապված սահմանին Իրանի կողմից զորավարժությունների հետ։

«Մեր երկրի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժության անցկացումն ինքնիշխանության հարց է, և ամբողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար է իրականացվում: Իհարկե, ակնհայտ է, որ ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի անգամ ցուցադրական ներկայությունը, և այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

Հարցին, թե որո՞նք են լինելու տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա այս լարվածության խորացման հետևանքները, նա պատասխանեց.

«Եթե խոսենք հետևանքների մասին, ապա այդ լարվածության հեռանկարները պետք է հասկանանք:

Թուրքական գործոնի վերաբերյալ հեռանկարները պարզ կլինեն այսօրվա Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, իսկ առհասարակ՝ թուրք-իրանական և այդ կոնտեքստում նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները պարզ կլինեն Թեհրանում նախատեսվելիք Իրան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումից հետո, ինչպես նաև՝ խոսվում է Էրդողանի՝ Թեհրան կատարվելիք այցի մասին: Այս բոլոր հանդիպումներում քննարկվելու է նաև թուրք-իրանական հարաբերությունների զարգացումը:

Եթե խոսենք տարածաշրջանային ազդեցության վերաբերյալ, ապա պետք է արձանագրենք, որ իրանական կողմը խոշոր վտանգ է զգացել հատկապես Թուրքիայից և ոչ թե՝ ադրբեջանական հանրապետությունից, նույնիսկ, կարծես, որոշակի վտանգ է զգացել նաև Իրանի սահմանների անձեռնմխելիության շուրջ՝ մասնավորապես, հայ-իրանական սահմանի, և այդ պատճառով էլ իրանական կողմից՝ չնայած պաշտոնական մակարդակում փորձ է արվում թուլացնել լարվածությունը, սակայն ռազմական գործիչների գործողություններում միտում է նկատվում ամեն օր սահմանում զենքերի կուտակումն ավելի մեծացնելու և զորավարժություններն առավել լայնամասշտաբ դարձնելու»:

Իրան–Ադրբեջան պահպանվող լարվածության պարագայում ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը, և ինչպե՞ս են Իրանում գնահատում այս իրադարձությունների ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված փոխադարձ ազդակների մասին պարբերաբար հայտնվող նորությունները՝ հարցադրումներին ի պատասխան էլ՝ Գարիկ Միսակյանը հայտնեց.

«Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման մասին ցանկացած հայտարարություն իրանական կողմում բացասական արձագանքի է արժանանում՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛տնտեսական պատճառներով:

Իսկ թե ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ ապա այս փուլում, թերևս, մի քանի կետերում համընկնում է նաև հայ-իրանական շահը, ինչը բավականին նպաստող գործոն է, քանի որ իրանական կողմը, իր արտաքին քաղաքականության մեջ չճանաչելով մշտական բարեկամների և թշնամիների՝ սեփական արտաքին քաղաքական շահն առաջ մղելու համար բավականին լավ համագործակցություն է ծավալում այն պետությունների հետ, որոնք նաև տեղավորվում են այդ աշխարհաքաղաքական շահի կոնտեքստում:

Այսինքն՝ ներկա պահին և՛ հայ-իրանական ցամաքային սահմանի անձեռնմխելիության վերաբերյալ կա շահերի համընկնում, և՛ Հյուսիս-Հարավ տարանցման ուղու բնականոն գործունեությունը վերականգնելու առումով կա շահերի համընկնում, և՛ կարծես թե Թուրքիայի դեմ իրանական մրցակցության պայմաններում կա շահերի համընկնում, քանի որ այդ դեպքում Իրանը կարող է բնական դաշնակից լինել Հայաստանի համար հակաթուրքական որևէ կոալիցիայում»:

Տեսանյութեր

Լրահոս