Բաժիններ՝

Կառավարության պահուստային ֆոնդը դատարկ է, բայց 16 միլիարդ դրամի պարտավորություն պետք է մարվի

2020 թվականին Կառավարությունը երկու տասնյակից ավելի որոշում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու մասին և տնտեսվարողներին սուբսիդավորվող էժան վարկեր, լիզինգ և այլ արտոնություններ տվեց։

Այն ժամանակ տնտեսագետներն ահազանգում էին՝ Կառավարությունը ստանձնում է ֆինանսական պարտավորություններ, որոնց հետագա կատարումը լրջագույն բեռ է դառնալու պետբյուջեի, պահուստային ֆոնդի վրա, որովհետև սխալ տնտեսական քաղաքականության հետևանքով արտոնյալ վարկերից օգտվում են նաև այն տնտեսվարողները, որոնք դրա կարիքն անգամ չունեն, իսկ արդյունքում ՀՀ շարքային քաղաքացին իր վճարած հարկով վճարում է այդ սուբսիդավորվող վարկերի համար։

Եվ ահա Կառավարության ընդունած որոշումներից մեկ տարի անց՝ Էկոնոմիկայի նախարարությունը կանգնել է ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարելու խնդրի առաջ։  Հաշվարկները ցույց են տվել, որ արտոնյալ վարկեր տրամադրող ծրագրերից օգտվել են ավելի շատ շահառուներ, քան պլանավորված է եղել Կառավարության ընդունած որոշումներով, ուստի հիմա առաջացել է անհրաժեշտություն՝ Կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ ֆինանսական միջոցներ հատկացնելու։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության համաձայնությանն է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 16,184,197.2 հազ. դրամ, այդ թվում՝ ինն ամսում 10,081,700.0հազ. դրամ՝ կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքները մարելու համար։

Ֆինանսների նախարարությունից, սակայն, առարկել են՝ նշելով, որ հաշվի առնելով Կառավարության պահուստային ֆոնդի սահմանափակումները և պետական բյուջեում ֆինանսական ոչ բավարար միջոցների առկայությունը, փոխարենը առաջարկել են անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայթայթել Էկոնոմիկայի նախարարության միջծրագրային, միջեռամսյակային վերաբաշխումների միջոցով, որովհետև Կառավարության պահուստային ֆոնդում միջոցներ առկա չեն։

Ֆինանսների նախարարությունից նաև Էկոնոմիկայի նախարարությանը հորդորել են ձեռնպահ մնալ պահուստային ֆոնդից գումարների հատկացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս