Գուգարքի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել
Սեպտեմբերի 21-ի գիշերը ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Գուգարք համայնքի տարածքում, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան։
Մեքենայում հայտնաբերվել է նապաստակ, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 7 փամփուշտ։
Պարզվել է՝ 35-ամյա տղամարդը նշված հրացանով նապաստակը որսացել էր Քարաբերդ գյուղ տանող ճանապարհին։ Նա զենք պահելու, կրելու, ինչպես և որս անելու թույլտվություն չուներ։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հրացանն ու որսը առգրավվել են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: