Նստե՛ք, տիկին Սաֆարյան, չե՞ք հասկանում՝ ինչ եմ ասում. դատավորը սանկցիա կիրառեց Սեդա Սաֆարյանի նկատմամբ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը կարճելու վերաբերյալ պաշտպանների, դատախազների և տուժող կողմի ներկայացուցչի բողոքների քննությունը:

Այսօրվա նիստի ընթացքում առավել աչքի ընկավ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Նախ Սաֆարյանն իր բողոքը ներկայացնելու փոխարեն՝ սկսեց հրապարակել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Նախագահող դատավոր Հովակիմյանն ընդհատեց պաշտպանին՝ նշելով, որ դրա կարիքը չկա, եզրափակիչ մասին դատավարության կողմերը ծանոթ են, իսկ դատարանը քննում է 300․1 հոդվածով քրեական գործը կարճելու առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը։ Սեդա Սաֆարյանն էլ ամփոփեց ելույթը՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Ապա նիստի ընթացքում դատավոր Նարինե Հովակիմյանը նկատողություն հայտարարեց տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին առանց դատարանի թույլտվությունը ստանալու պաշտպանական կողմին ընդհատելու, ինչպես նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Մասնավորապես, Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դիրքորոշումը ներկայացնելու ընթացքում Սեդա Սաֆարյանն առանց թույլտվության սկսեց խոսել՝ նշելով, թե պաշտպանի խոսքը գործի հետ կապ չունի: Դատավորի կողմից մի քանի անգամ լռելու ու նստելու կոչերից հետո միայն Սաֆարյանը դադարեցրեց իր զուգահեռ ելույթը:

«Տիկին Սաֆարյան, Ձեզ որևէ մեկը թույլ չի տվել տեղից արտահայտվել: Նստեք, ասում եմ: Դիրքորոշում է հայտնում բողոքի կապակցությամբ, ես խնդրում եմ չխանգարել: Երբ  Դուք խոսում էիք, պաշտպանական կողմը Ձեզ չէր խանգարում»,- ասաց դատավոր Հովակիմյանը, ինչին ի պատասխան՝ Սեդա Սաֆարյանը հակադարձեց, թե դատավորն էր իրեն խանգարում, որ թույլ չէր տալիս ավարտել իր խոսքը, շարունակելով դատավորին զուգահեռ խոսել:

«Նստեք, նստեք, նստեք, տիկին Սաֆարյան: Խանգարում եք: Ձեզ դատական նիստում նկատողություն եմ հայտարարում և ակնկալում եմ, որ դատավարության մասնակիցների, մասնավորապես՝ պաշտպան Պողոսյանի նկատմամբ պարտավոր եք հարգալից վերաբերմունք դրսևորել… Պաշտպան Պողոսյանի իրավաբան կամ ոչ իրավաբան լինելու հանգամանքը հավաստիացված է փաստաթղթով… Նստեք, նստեք, չե՞ք հասկանում՝ ինչ եմ ասում: Տիկին Սաֆարյան, ես Ձեզ նկատողություն եմ հայտարարում, սանկցիա եմ կիրառել Ձեր նկատմամբ, խնդրում եմ՝ նստեք»,- ասաց դատավորը:

Սեդա Սաֆարյանը դատավորի հայտարարությունից հետո էլ տեղից դիմեց դատարանին՝ «Դուք միայն տուժող կողմի նկատմամբ եք կարողանում սանկցիա կիրառել: Որ էդքան կարողանայիք, է՞ս օրի կլիներ էս գործը»:

«Դուք արդեն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եք փորձում դրսևորել: Ձեզ ասեցի, որ Ձեր նկատմամբ սանկցիա եմ կիրառել»,- կրկնեց դատավորը:

Դատական նիստում Սեդա Սաֆարյանի մասնակցությամբ միջադեպն այսքանով չավարտվեց: Պաշտպան Հովհաննես Խուդոյանի ելույթի ժամանակ էլ Սեդա Սաֆարյանը նիստերի դահլիճից դուրս գալու ցանկություն հայտնեց՝ նշելով, թե այն, ինչ կատարվում է, իրավաբանության հետ կապ չունի:

«Թույլ կտա՞ք՝ ես դուրս գամ: Ես չեմ ուզում շարունակել… Ես չեմ ուզում դիրքորոշում հայտնել, որովհետև այստեղ իրավաբանության հետ չկապված խնդիրներ չեն քննարկվում՝ Մարտի 1-ի գործի հետ կապ չունեցող: Իմաստ չունի՝ ես օրինականացնեմ Ձեր գործունեությունը»,- իրերը հավաքելով ու նիստերի դահլիճը լքելով՝ ասաց Սեդա Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս