«Այդ տարածքների վերաբերյալ որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններ եղե՞լ են». Արծվիկ Մինասյանը՝ իշխող խմբակցության հետ նախատեսվող հանդիպման մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են իշխող խմբակցության հետ փակ քննարկում իրականացնել՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որին հրավիրելու են Պաշտպանության, Արտաքին գործերի նախարարներին, ՊԵԿ նախագահին, ԱԱԾ տնօրենին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին:
«Շատ կարևոր է, որպեսզի մենք ամբողջապես և լիարժեքորեն ստանանք տեղեկատվություն, դրա համար մենք առաջարկել ենք, որ հնարավոր է՝ այստեղ պետական գաղտնիքի տարրեր լինեն, դրա համար մենք պատրաստ ենք նաև փակ քննարկման: Բոլոր առումներով կան անելիքներ, այսօր ամենապարզ օրինակն այն է, որ խախտվում է ՀՀ ինքնիշխանությունը: Ըստ էության մենք այդ տարածքում կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը խախտված է: Այս մասով միանշանակ քրեական գործը պետք է հարուցված լիներ: Մենք սպասում ենք, որ գլխավոր դատախազն այս բոլոր հարցերին պատասխան տա: Կամ մեր Արտգործնախարարությունն արդյո՞ք անհրաժեշտ աշխատանքներ տանում է իրանական կողմի հետ, թե՞ ոչ, միջազգային հարթակներում ինչպիսի՞ գործընթացներ են իրականացնում, այդ տարածքների վերաբերյալ որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններ եղե՞լ են, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ կենտրոնի հետ գործ ունենք»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Նա նաև փոխանցեց, որ իրենց առաջարկին գրավոր որոշում է տրվել, որ լինելու է փակ քննարկում, և իշխանությունն աշխատելու է, որպեսզի քննարկմանը ներկա լինեն առաջին դեմքերով, նրանց մի մասը Հայաստանում չեն, բայց ընդդիմությունն ակնկալում է, որ նրանք ներկա կլինեն:
Միաժամանակ Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ նախատեսված քննարկումը հնարավորինս շուտ պետք է կազմակերպվի:
«Կա՛մ այսօր, կա՛մ վաղն է դա լինելու, կախված այն հանգամանքից, թե ինչպես են իրենք կարողանալու ներգրավել իրենց ներկայացուցիչներին: Եթե չհաջողվի, ապա օրենքով նախատեսված կարգով մենք առաջադրելու ենք պահանջ, որպեսզի իրավասու հանձնաժողովներն այդ գործողությունները ձեռնարկեն: Մենք կարևորում ենք, որպեսզի որքան հնարավոր է՝ այդ փակ քննարկումը շուտ լինի, որովհետև արդեն տեսնում ենք զարգացումներ, արդեն զոհ ունենք այդ հատվածում»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից Որոտանի հատվածն ադրբեջանական անվանումով կոչելուն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ բոլոր հարցերին պետք է պատասխան տան:
«Մեր հանդիպումների նպատակը նաև այս հարցերի պատասխանը ստանալն է»,- հավելեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում