«Հետազոտողներով կարող ենք մի բան գրել, բայց այդ ուղղությամբ պետական որևէ քաղաքականություն չի տարվում». Հնագետը՝ Անիի պեղումների մասին
Հայկական Անիում Թուրքիայի նախագահի կարգադրությամբ մեկնարկել են հնագիտական պեղումներ։ Պեղման աշխատանքներում ներգրավված են 12 գիտական և ուսումնական հաստատություններից 35 մասնագետ։ Նախագիծը ղեկավարում է Կարսի Կովկասյան համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետի ղեկավար ՄուհամՄեդ Արսլանը։ Նա հայտարարել է, որ պեղումներն իրականացվում են սելջուկների ժամանակների շուկայում, նրանց առանձնատներում, սելջուկյան մեծ բաղնիքում, ինչպես նաև գերեզմանատան տարածքում։
Թուրքիայի մշակույթի նախարարությունն էլ իր հերթին հայտարարել է, որ այդ պեղումները կոչված են, այսպես ասած, «պահպանելու թուրք ազգի ժառանգությունը»։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով այդ պեղումներին՝ ասաց, որ Թուրքիան վաղուց է Անիում վերացնում հայկական հետքը, և այդ պեղումներն էլ հենց նման նպատակ են հետապնդում։
«Անիում պատերին փակցված ցուցանակները վկայում են այն կեղծիքը, որ իրականության մեջ իբր սելջուկյան շրջանից 1064 թվականից սկսվում է Անիի պատմությունը։ Իսկ դրանից առաջ մեկ-երկու հիշատակում կար Բագրատունիների մասին, որ Անին եղել է Բագրատունիների մայրաքաղաքը՝ առանց նշելու, թե Բագրատունիներն ովքեր էին։ Այնուհետև Բագրատունի բառը դարձրեցին Բագրատլի՝ թուրքական վերջավորությամբ, առանց նշելու դրանց հայկական վերջավորությունը։ Այսօր առավել ևս, երբ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները հասել են իրենց ծայրահեղ լարման աստիճանին, բնականաբար, նման բայմաններում կեղծիքները շատ ավելի խորանալու են, և Էրդողանի վերջին ցուցումը հենց դրա վկայությունն է»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։
Նա նշեց, որ միջազգային զանազան կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերով մշտապես Անիի պահպանման հարցը բարձրաձայնվել է։
«Երբ Անիի խնդիրը մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգ, որպես նրա կողմից պահպանվող, բնականաբար, հայկական կողմը զգալի աշխատանք կատարեց։ Այստեղ հարկ է նշել, որ երջանկահիշատակ Լավրենտի Բարսեղյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրենը, զգալի աշխատանք կատարեց Անիի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար։ Մենք, բնականաբար, պետք է շարունակենք մեր աշխատանքը, բողոքները զանազան միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Անիի նկատմամբ այդ վերաբերմունքի կապակցությամբ։ Երևի գիտեք, որ մայր տաճարի հետ կապված բազմիցս արարողություններ են այնտեղ եղել՝ իսլամական կրոնին բնորոշ արարողակարգով։ Դրանք մշտապես շարունակվում են, և այս լարվածության պայմաններում դրանք ավելի հաճախակի են դառնում»,- հավելեց Աշոտ Մելքոնյանը։
Հնագետ, Արցախում Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում չկա մշակութային ժառանգությանը հետևող պետական որևէ մարմին, մասնավորապես՝ ՀՀ սահմաններից դուրս։
«Ցավոք, նման տեղեկությունները պատահաբար ենք իմանում կամ առհասարակ չենք իմանում։ Տարիներ առաջ թուրք հնագետներից մեկը փորձ է արել ինձ հետ կապ հաստատել, որն առաջարկում էր համագործակցություն, հետո պարզվեց, որ այս համագործակցությունը կարող է լինել շատ մասնավոր մակարդակում։ Այսինքն՝ չկա մի մարմին, որն այդ խնդիրներով զբաղվում է կամ գոնե տեղեկատվություն փոխանցի։ Ինչ վերաբերում է Անիի ճակատագրին, ինչպես մեր բոլոր հուշարձանները, Անին էլ է կիսում այդ ճակատագիրը։
Վերջերս մի ընդարձակ գիրք լույս տեսավ, որտեղ վրացի հետազոտողներն Անին ներկայացնում էին՝ որպես Անիս, այսինքն՝ վրացական քաղաք։ Երբ Հայաստանը քաղաքական անկախությունը հայտնի չափով կորցրել էր, իրենք ինչ-որ չափով բազմակրոն էին, սա երևի թե ակնհայտ է, սակայն հարցն այն է, որ նման մոտեցումներով փորձում են առաջին հերթին վերացնել, ջնջել, մոռացության տալ հենց հայկականությունը։
Թուրքիան վերացնում է բոլոր այն բաները, որոնք խաչային հորինվածքներ են, խաչքարեր են, վերականգնելու ժամանակ այդ ամենն անհետանում է։ Այս միտումները շարունակվելու են, այսօրվա թուրք-ադրբեջանական ագրեսիան հայտնի չափով մշակութային ագրեսիա է։ Իհարկե, մենք հետազոտողներով կարող ենք մի բան գրել, մտածել, բայց որ այդ ուղղությամբ որևէ պետական քաղաքականություն չի տարվում, սա նույնպես ակնհայտ է»,- նշեց Համլետ Պետրոսյանը։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն էլ խոսելով Անիում պեղումներ անելու Թուրքիայի նպատակների մասին, նկատեց՝ այդ ամբողջ պեղումների նպատակն ամբողջ Անատոլիայից՝ Արևմտահայաստանից հայկական հետքը ջնջելն է։
«1915 թվականից մնացած 2500-ից ավելի եկեղեցիներից ու վանքերից շատ բան չի մնացել, մնացել են ծվեներ, դրանց մեջ ամենաճանաչվածն Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին է և Անիի մայր տաճարի փլատակները։ Սա Անիի հետ կապված Թուրքիայի առաջին աշխատանքը չէ, ժամանակին իրենք, այսպես ասած, պեղումներ կատարեցին, անգամ բուլդոզերով այդ պեղումներն արեցին։ Եթե Անիում որևէ աշխատանք կատարվում է, այն կատարվում է ֆաշիստական մտածելակերպ ունեցող հնագետների մասնակցությամբ, որոնք ամբողջ Թուրքիայում հայտնի են իրենց հայատյաց տեսակետներով։ Նրանք են հիմնականում կազմում Թուրքիայի կեղծ պատմագրությունը»,- շեշտեց թուրքագետը։
Շարունակելով՝ Տիրան Լոքմագյոզյանն ընդգծեց, որ թուրք հնագետները կեղծելով իրենց պատմությունը, սեփական ազգին հասցնում են մինչև Ադամի ու Եվայի ժամանակաշրջան և բոլոր ազգերին դարձնում են թուրք։
«Նրանք այնպիսի մոլուցքով են տարված, որ մի անգամ Կարսում խոսում էի մի թուրքի հետ, ասաց, թե գիտես՝ դուք՝ հայերդ էլ եք թուրք, ուղղակի այդ մասին չգիտեք։ Այսինքն՝ Թուրքիան առաջ է շարժվում հենց այս մտածելակերպով, իզուր չէ, որ իրենք այսօր պեղում են անում և այն սկսում են ինչ-որ սելջուկյան բաղնիքներից։ Իհարկե, երբ սելջուկները գրավեցին Անի քաղաքը, ինչ-որ բաներ քաղաքում իրենց համար փոխեցին։ Ստացվում է, որ Թուրքիայի համար խնդիր չկա՝ հայկականը դարձնի սելջուկյան»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այսօր նույնն Ադրբեջանն անում է Արցախի օկուպացրած տարածքներում, ջնջում է հայկական հուշարձանների գրությունները և դրանք ներկայացնում է՝ որպես թալիշական կամ ադրբեջանական։ Այսինքն՝ վերականգնման անվան տակ դրանք վերացնում են։
«Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ից շատ բան սպասել պետք չէ, ով իրեն փող է տալիս, նա այն կողմ թեքվող է։ Ջուղայի խաչքարերը երբ ոչնչացնում էին, այս կառույցն ի՞նչ ասաց, միայն ցավ արտահայտեց, որովհետև դրանից կարճ ժամանակ առաջ Ալիևը միլիոնանոց նվիրատվություն էր արել կառույցին։ Մեր պետությունը որևէ բան չի արել, հատկապես այսօրվա Կառավարությունը, հնարավոր է, գնա Անիում թուրքերի հետ մասնակից նամազի ու հետո ասի՝ վա՜յ, այս ինչ լավ բան է։ Միայն ժամանակ առ ժամանակ Կիլիկիո և Մայր Աթոռի կաթողիկոսարաններից հայտարարություններ եղել են, սակայն դրանք ազդեցիկ չեն, ամենաշատը կարող է Վատիկանն էլ միանալ նրանց, բայց Վատիկանն էլ ոչինչ չի կարող անել։ Այսօր ո՞ւմ է հետաքրքիր, թե այդ եկեղեցիներն ում են պատկանում, այսօր հայկական հուշարձանները, աշխարհն ասում է՝ Թուրքիայի հարստությունն է»,- եզրափակեց նա։