«Ուզենք թե չուզենք, մեր հասարակության մեջ ցուցմունք չտալու, լավ տղա լինելու գողական ենթամշակույթով ապրելն արմատացած է». ՀՔԾ պետ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե վերջին երեք տարիներին ՀՔԾ-ի վարույթում գտնվող հարուցված քրեական գործերից ընդամենը 2,3 տոկոսի դեպքում ո՞ր գործի հարուցումն է մերժվել, որը հետո Դատախազի որոշմամբ վերացվել է։
«Կա Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ, որտեղ այդ թիվն էապես բարձր է՝ պաշտոնական լիազորությունը չարաշահելու, պաշտոնական անփութության հոդվածներով այս տոկոսն ավելի բարձր է, որ ՀՔԾ-ի կողմից գործի հարուցումը մերժվել է, այնուհետև Դատախազի կողմից վերացվել է։ Սա ինչո՞վ կբացատրեք, արդյո՞ք Դատախազության հետ տարընկալումներ ունեք՝ կապված ՔՕ-ի մեկնաբանման հետ։ Ամենաշատ հարուցված հոդվածներից է սուտ մատնությունը, կա՞ն խորքային վերլուծություններ, թե սուտ մատնություններն ինչու են այսքան շատ»,- հարցրեց նա։
Պատասխանելով՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ 2,3 տոկոսի քրեական գործերի հարուցումն է վերացվել, սակայն չկա վերլուծություն, թե հետագայում ինչ որոշում է կայացվել։
«Ես համոզված եմ, որ հետագայում այդ 2,3 տոկոսից էլ ավելի ցածր տոկոսով չի կայացվել նույն որոշումը։ Այսինքն՝ շատ հնարավոր է, որ վերացվել է այս կամ այն գործողությունը կատարված չլինելու համար, հետագայում ոչ մի առերեսում չի կատարվել, ուստի այդ նյութերով գործի հարուցումը մերժվել է»,- շեշտեց Սասուն Խաչատրյանը։
Ըստ նրա, պաշտոնական լիազորությունների չարաշահման վերաբերյալ գործերի առնչությամբ վերլուծություններ չեն արել։
Ինչ վերաբերում է սուտ մատնությանը, Սասուն Խաչատրյանը նկատեց. «Մենք ուզենք թե չուզենք, մեր հասարակության մեջ ցուցմունք չտալու, լավ տղա լինելու գողական ենթամշակույթով ապրելն արմատացած է։ Եկեք ընդունենք, որ գրեթե բոլորս մեր երեխաներին ասում ենք, որ խաբար տալը լավ բան չէ, որ տեսնում ես՝ մի ասա, սա մեր հայկական մենթալիտետն է, և արդյունքում ունենում ենք այն, որ շատ հաճախ անձինք նախաքննության ընթացքում տալիս են ցուցմունք, հաճախ պաշտպանի ներկայությամբ։ Իսկ երբ արդեն գնում են դատարան և նույն ցուցմունքը պետք է տան ամբաստանյալի աթոռին նստած մարդու մոտ, իրենց ոչինչ չի մնում, քան առաջնորդվել այդ ենթամշակույթի օրենքներով կամ հանրության ճնշման տակ ասում են, թե իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել։ Հաճախ իրենց ձեռքով գրված ցուցմունքը, ասում են՝ մենք չենք գրել, քննիչն է գրել»։