«Չեմ կարող հիմա ասել, բայց Ադրբեջանի հետ բացարձակ ոչ մի կապ չունեն». Վահան Քերոբյանը՝ վառելիքի շուկայում նոր ներդրողի մասին
Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչելու հարցը, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց: Օգոստոսի 27-ի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Թեև նախարարը չէր բացել փակագծերը, թե ովքեր են ներդրողները, այդուամենայնիվ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այս նախագծի հետևում կանգնած է գործարար Դավիդ Յակոբաշվիլին: Գործարարը ղեկավարում է վրացական «Petrocas Energy Group»-ը և զբաղվում է բեռնափոխադրումներով։
Նշվում էր, որ վառելիքի շուկայում վրաց գործարարի գործընկերն ադրբեջանական «Socar»-ն է՝ Ալիևների կլանին պատկանող նավթային ընկերությունը։
Լրատվամիջոցներից մեկը, ի դեպ, ողջամիտ կասկածներ էր հայտնել , որ ի դեմս Յակոբաշվիլու՝ Հայաստանի վառելիքի շուկա է ուզում անուղղակիորեն մուտք գործել «Socar»-ը՝ դրանից բխող քաղաքական, աշխարհաքաղաքական ու անվտանգային հետևանքներով։
168.am-ը երեկ մի քանի փորձից հետո, ի վերջո, կարողացավ այս թեմային առնչվող հարցեր ուղղել էկոնոմիկայի նախարարին:
– Պարո՛ն նախարար, ապագա ներդրողի անունը կապում են ադրբեջանական ընկերության հետ:
– Սո՛ւտ է:
– Ովքե՞ր են, անուն-ազգանուն կասե՞ք, ներդրողներն ովքե՞ր են:
– Չեմ կարող հիմա ասել, բայց Ադրբեջանի հետ բացարձակ ոչ մի կապ չունեն:
– Իսկ 60 միլիոնանոց ներդրումային այդ ցանցն արդյո՞ք մոնոպոլ դիրքեր չի ունենա Հայաստանում:
– Իհա՛րկե ոչ. դրա համար գոյություն ունի ՏՄՊՊՀ-ն, որը, բնականաբար, հետևելու է նրան, որպեսզի շուկայում մրցակցությունը չխաթարվի: Եվ, իհարկե, եթե որևիցե կասկած լինի, որ նման ռիսկեր կան, ՏՄՊՊՀ-ն համապատասխան սահմանափակումները կարող է կիրառել:
– Ե՞րբ հայտնի կդառնա ներդրողի անունը:
– Ինձ թվում է՝ հենց ՏՄՊՊՀ-ն թույլտվություն տա այդ ընկերությանն աշխատել, այդ ինֆորմացիան արդեն հասանելի կդառնա բոլորին: