«Մեզ չեն թողնելու հանգիստ ապրել. հայ ազգը պետք է դա հասկանա». Արգիշտի Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը պայմանավորված է նրանով, որ հայկական բանակը ջախջախված է, իսկ ՀՀ իշխանությունները բանակը վերականգնելու ուղղությամբ որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում:
«Հակառակորդը փորձում է օգտվել նրանից, որ ՀՀ-ն ներկայումս գտնվում է թույլ վիճակում և չունի հակակշռող բանակ: Դրա համար փորձում է ավելի սեղմել օղակը, Հայաստանին գցել վասալական հարաբերությունների մեջ, պարտադրել այնպիսի զիջումներ, որը ձեռնտու է միայն իրեն: Որպեսզի մենք խուսափենք այս իրավիճակից, պետք է կառուցենք հզոր բանակ, որը կկարողանա պաշտպանել ՀՀ-ն և ՀՀ քաղաքացիներին: Անգամ արցախյան երկրորդ պատերազմում կրած մեր պարտությունից հետո պետք էր նորից զբաղվել բանակաշինությամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ Ադրբեջանի հիմնական թիրախը Հայաստանի Հանրապետությունն է.
«Ադրբեջանը երբևէ չի թաքցնում իր հավակնությունները, ախորժակը, ընդ որում՝ ես մշտապես ասել եմ, որ իրենք միշտ ազնիվ են գործում, այսինքն՝ մարդիկ հստակ ասում են, չէ՞, որ Երևանն իրենցն է, Զանգեզուրը, Սևանն իրենցն է, իրենք պետք է վերադառնան: Այս պարագայում, որպեսզի դրա դեմն առնենք, պետք է մեկ օր շուտ վերականգնենք հայկական բանակը, պետականությունը, տնտեսությունը և մնացած ինստիտուտները: Ադրբեջանը չի հրաժարվելու այն ամենից, ինչ տեսնում ենք սահմանին, որովհետև իր ցանկությունն է, որ վերջնականապես Հայաստանին գցի վասալական հարաբերությունների մեջ, Հայաստանը դարձնի իր վասալը: Ադրբեջանին այս պահին պետք է խաղաղության պայմանագիր, որում նախատեսված պետք է լինի, որ Հայաստանը ճանաչում է Արցախը՝ Ադրբեջանի կազմում, որպեսզի այդպիսով փակի Արցախի կարգավիճակի հարցը, ասի՝ կարգավիճակ չկա, սա իմ տարածքն է:
Երկրորդ՝ սահմաններին դեմարկացիա, դելիմիտացիա: Պարզ է, որ այս պարագայում փորձելու է առավելագույնս գրավել սահմանի վրա այն բարձունքները, որոնք կան: Դրանից հետո իր պահանջն այն է, որ ստանա միջանցք:
Դրանից զատ, իր հիմնական ցանկություն է, որ Հայաստանը երբևէ չունենա բանակ, Ալիևն ասում է՝ դուք պարտվել եք, ձեր ինչի՞ն է բանակ պետք, ընդ որում՝ հոխորտում է Ռուսաստանի վրա, թե ինչո՞ւ է Ռուսաստանը ցանկանում օգնել Հայաստանին՝ վերականգնել բանակը: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին դարձնել իր հավիտյան վասալը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայ ազգը պետք է դա հասկանա: Ոչ թե մեզ թողնելու են հանգիստ ապրել, այլ դրանք լինելու են վասալական հարաբերություններ»:
Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ՀՀ սահմանները պաշտպանելու մասին գործող իշխանությունների հայտարարություններին, նա հետևյալն ասաց.
«Մի քանի հարյուր տարի հայ ազգը անգլիական նավերի էր սպասում, դրանից հետո, Աստված գիտի՝ ինչ հրաշքների էր սպասում: Հայ ազգը համառորեն չի ցանկանում հասկանալ, որ իր սահմանները պետք է ինքը պաշտպանի: Այստեղ ռուսները ներկա են, որովհետև սա համարում են իրենց նախկին կայսրության գոտին և պաշտպանում են իրենց կայսերական շահերը. կամ իրենք են լինելու այստեղ, կամ թուրքերը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում