Գորիսի փոխհամայնքապետերին կալանավորելու միջնորդությամբ նախաքննության մարմինը պատրաստվում է մտնել դատարան. փաստաբան

Ժամեր առաջ ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին վարույթն իրականացնող մարմինը որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել և պատրաստվում է նրանց կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Գորիսի փոխհամայնքապետերի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Արամյանը:

«Քննչական կոմիտեում են, ձերբակալվածի կարգավիճակով են, մեղադրյալ ներգրավելու որոշում կա, բայց մեղադրանք դեռևս առաջադրված չէ: Հետագա փուլն էլ՝ դատարան են մտնելու՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Ձերբակալվել են այն հիմքով, որ վարույթն իրականացնող մարմինը մտնելու է դատարան՝ խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ: Քրեական դատավարության օրենսգրքի վերջին փոփոխություններից մեկն էր, որ կարող են անձին այդ հիմքով արդեն ձերբակալել: Կոչվում է ազատության մեջ գտնվող անձին կալանավորման հիմքով դատարան մտնելու համար ձերբակալել, նոր հիմք է»,- ասաց Էդգար Արամյանը:

Հիշեցնենք, որ Գորիսի փոխհամայնքապետերը ձերբակալվել էին հենց Գորիսի համայնքապետարանից ու նրանց տեղափոխել էին Երևան:

Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը կասկածվում են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև  ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր):

Տեսանյութեր

Լրահոս