Բաժիններ՝

Հայաստանը կունենա գրադարանների մատենագիտական համահավաք գրացուցակ

Առաջիկայում Հայաստանը, «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի համաձայն, կունենա գրադարանների մատենագիտական համահավաք գրացուցակ, որն իր մեջ կներառի երկրի գրադարանային հավաքածուների կազմը և բովանդակությունը:

Կառավարությունն արդեն իսկ հաստատել է ՀՀ գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը, որն ուժի մեջ մտավ այսօրվանից:

Կառավարությունը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարին և առաջարկել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2013 թ.-ի դեկտեմբերի 1-ը ընդունել և գործողության մեջ դնել «Տեղեկատվության, գրադարանային և հրատարակչական գործի ստանդարտների համակարգ` Մատենագիտական գրառում։ Մատենագիտական նկարագրություն։ Ընդհանուր պահանջներ և կազմման կանոններ» ստանդարտը։

Համահավաք գրացուցակը համակարգելու և ձևավորելու է Հայաստանի ազգային գրադարանը` տպագիր և էլեկտրոնային ձևերով:

Կարդացեք նաև

Գրացուցակը կազմված է լինելու գրադարանային փաստաթղթի նկարագրական բաժիններից, մասնավորապես` վերնագրից, փաստաթղթի մտավոր կամ գեղարվեստական բովանդակության ստեղծմանը մասնակցած անձանց կամ կազմակերպությունների, հրատարակության մասին, ինչպես նաև հրատարակչական տվյալներից, ֆիզիկական և մատենաշարային նկարագրությունից, ստանդարտ համարից, հասանելիության պայմաններից, ծանոթագրությունից:

Համահավաք գրացուցակի կազմման գործում ընդգրկված են լինելու բոլոր պետական և հանրային գրադարանները, իսկ ոչ պետական և համայնքային գրադարանները` սեփական նախաձեռնությամբ` դրա մասին դիմում ներկայացնելով Հայաստանի ազգային գրադարան:

Էլեկտրոնային համահավաք գրացուցակի կազմմանը մասնակցող բոլոր գրադարանները Հայաստանի ազգային գրադարանի հետ պետք է կնքեն մատենագիտական տեղեկույթի անվճար տրամադրման մասին պայմանագրեր:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս