«Հիշեցնեմ՝ նախընտրական փուլում վարչախմբի ղեկավարը հայտարարեց, որ իրեն մեկ ամիս ժամանակ տան, և այդ հարցը կլուծի». Գեղամ Նազարյան

Արտահերթ ընտրություններից հետո ՀՀ իշխանությունները սկսեցին աստիճանաբար մոռացության տալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նույնիսկ վերջին օրերին խորհրդարանում այդ մասին չեն խոսում։

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը թեմայի առնչությամբ ասաց, որ ենթադրություններ չի ցանկանում անել, սակայն փաստ է, որ դրա վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա, քանի որ չեն արվում այնպիսի գործողություներ, որոնք ցույց կտան, որ հայ ռազմագերիների խնդիրն այս կամ այն փուլում է։

«Մենք կարող ենք միայն արձանագրել, որ կոնկրետ նոյեմբերի 9-ից սկսած, երբ այդ փաստաթղթում արձանագրվեց գերիների վերադարձ՝ բոլորը՝ բոլորի դիմաց, մենք ականատես եղանք, որ այդ գործընթացը տեղի չունեցավ, այլ տեղի ունեցավ հանցագործ ադրբեջանցիների վերադարձ Ադրբեջան՝ ուղղակի ոչնչի դիմաց։ Այսօր էլ, երբ վարչախմբի անդամները ելույթ են ունենում, իրենք ռազմագերիների հարցը շրջանցում են, թեև հիշեցնեմ, որ նախընտրական փուլում այս վարչախմբի ղեկավարն այսպիսի արտահայտություն արեց, որ իրեն մեկ ամիս ժամանակ տան, և այդ հարցը կլուծեն։ Սակայն չլուծվեց, այդ հարցը մնում է խայտառակ վիճակում, այնպես որ՝ նույն վարչախմբի ներկայացուցիչներն ասում են, թե անընդունելի է, որ գերիների ծնողները դիմում են նստացույցի՝ իրենց խնդիրը բարձրաձայնելու համար»,- նշեց Գեղամ Նազարյանը։

Նրա բնորոշմամբ, վիճակը շատ տխուր ու մտահոգիչ է, և այս իրավիճակում միակ հույսն այն է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծվի։

Ըստ Գեղամ Նազարյանի, խայտառակություն է այն, որ մինչ օրս իրենք չգիտեն, թե քանի հայ ռազմագերի կա Ադրբեջանում։

Ինչ վերաբերում է այս համատեքստում ՀՀ իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, Գեղամ Նազարյանը շեշտեց՝ անընդունելի է քննարկել ցանկացած հարց, երբ Ադրբեջանում կան հայ գերիներ։

«Եթե մենք իրականացնում ենք այնպիսի քաղաքականություն՝ նկատի ունեմ այսօր Հայաստանը ղեկավարող վարչախմբին, որտեղ գերիները որևէ դերակատարում չունեն… Երբ Մոսկվայում հանդիպում տեղի ունեցավ, և այնտեղ գերիների հարց չքննարկվեց, ՌԴ արտգործնախարարին հարց ուղղեցին դրա վերաբերյալ, նա պատասխանեց, որ այս հարցը հանդիպմանը պատշաճ չեն բարձրաձայնել, այսինքն՝ եթե հայկական կողմից հարցը նորմալ չի ներկայացվում, դժվար է ակնկալել, որ ուրիշները դա կանեն։ Իսկ թե ինչու է շտապում այս վարչախումբը, չգիտեմ։ Ես առհասարակ այս վարչախմբի գործողությունների տրամաբանությունը չեմ հասկանում, ոչ էլ ի վիճակի եմ հասկանալ։ Փաստն այն է, որ մարդկանց մանիպուլյացիայի են ենթարկում, Աշոտիկին գերի էին ուղարկում․․․, ես ցավում եմ Աշոտի համար, որ ինքն օգտագործվեց, դրանից հետո որևէ մեկը չհարցրեց՝ լավ, այդ տարբերակը չգործեց, բա ի՞նչ տարբերակ եք ուզում իրականացնել»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս