«Ազգային արժեքների մեջ հայի համար չկա անցյալ. կա միայն ներկա ու ապագա»․ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյան
Ներքին Չարբախում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին: Տարիների ընթացքում համայնքի կյանքում եկեղեցին դարձել է հոգևոր հենարան, որի հոգևոր հովիվն է Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը: Նա կարճ ժամանակահատվածում հասցրել է իրագործել շատ ծրագրեր՝ դառնալով ամենուր սպասված հոգևոր հայր և սրտակից ընկեր համայնքի անդամների համար:-Յուրաքանչյուր քահանա իր առաքելության մեջ լծված է մեկ կարևորագույն նպատակի՝ Աստծո խոսքը փոխանցել մարդկանց: Ազգը և եկեղեցին դարեր շարունակ միասնական են եղել: Այսօր հայ քահանայի համար կարևոր է հավատացյալների նվիրումը Աստծուն և մեր Սուրբ Եկեղեցուն, որովհետև եկեղեցիները զորանում են հավատացյալների նվիրումով և աղոթքներով: Քահանայի հենասյունը Աստծուց հետո ժողովուրդն է՝ մեր հավատավոր զավակները Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու,- ասում է տեր հայրը: Սա է այն հավատամքը, որի վրա խարսխվում է նրա գործունեությունը:
Ազգային արժեքների մեջ հայի համար անցյալ գոյություն չունի
-Քահանաները լծված են իրենց հոգևոր ծառայությանը՝ սիրո և անմնացորդ նվիրումի զգացումով: Հոգևոր արժեքների քարոզչության մեջ մեծ տեղ են հատկացնում ազգապահպան, հայրենասիրական գաղափարերին: Մեր ժողովուրդը, որ անցել է պատմական դժվարին շրջան, այսօր վերստին նորոգում է իր կյանքը, վերակերտում է իր հոգևոր աշխարհը: Հայ ազգը միշտ եղել է ավանդապահ, և դրա շնորհիվ է, որ անցյալի ծանր ժամանակներում կարողացել է պահպանել ազգային արժեքները, եկեղեցին, ծածուկ աղոթել Աստծուն… և Աստծո օգնականությամբ այսօր մեզ են հասել հինավուրց սուրբ վանքերն ու եկեղեցիները:
Ազգային արժեքների մեջ հայի համար չկա անցյալ: Կա միայն ներկա ու ապագա: Դա է մեր ազգային կերպարը, մաշկի գույնը և հոգու մղումը՝ ունենալ Սուրբ եկեղեցի, մեկ հավատ և ազգային արժեքներով ապրող ժողովուրդ:
Առաջին հոգևոր ծիլերը
– Ումի՞ց ստացաք Ձեր կյանքի առաջին դասերը, որոնք Ձեզ պետք է ուղղորդեին հոգևոր ասպարեզ:
-Մեր հոգևոր կերտվածքը ձևավորվում է ընտանիքում՝ այն միջավայրում, որտեղ մարդ իր առաջին քայլերն է կատարում դեպի եկեղեցի: Ես ծնվել եմ աստվապաշտ ընտանիքում: Եվ փառք եմ տալիս Աստծուն, որ ծնողներիս օգնությամբ ու ճիշտ խորհուրդներով մուտք եմ գործել Վազգենյան դպրանոց, որտեղից էլ անցել եմ Գևորգյան ճեմարան: Մեր ընտանիքում ևս երկու հոգևորականներ կան՝ ավագ եղբայրներս: Աստվածային նախախնամությամբ պետք է գար օրը, և ինքս էլ Տիրոջ կամքով դառնայի քահանա: Դեռ փոքր էի: Հայրիկիս մեծ մայրը միշտ Ավետարան էր ընթերցում, որը հիմա էլ կա՝ թուրքերեն բառերով: Ավետարանն իր հետ Հայաստան էր բերել գաղթի ժամանակ: Նա մեզ մանկուց սովորեցրել էր խաչակնքել, աղոթել քնելուց առաջ: Այս ամենն իր ներգործությունն է ունեցել մեր կյանքում: Նրա շնորհիվ է, որ մենք ձգտեցինք դառնալ Աստծո և Հայ եկեղեցու սպասավորներ:
– Դուք Ձեր հոգևոր սպասավորության ընթացքում հասցրել եք լինել նաև հայ զինվորի կողքին…
– 2014 թ. մայիսից կոչվել եմ ծառայության Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում՝ որպես գնդերեց: Մինչև 2016-ի մարտ ամիսը իմ ծառայությունն եմ բերել Արտաշատի Կապի ուսումնական զորամասում: 2016-ի փետրվարի 2-ին, երբ նշվում էր Ղևոնդյանց տոնը, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և ձեռամբ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի՝ օծվել եմ որպես ամուսնացյալ քահանա:
Ընտանիքը՝ հոգևորականին հենասյուն
-Ավարտելով Գևորգյան ճեմարանը՝ որոշեցի իմ ծառայությունը շարունակել որպես ամուսնացյալ քահանա: Ունեմ մեկ որդի, որի ծնունդը մեծագույն իրադարձություն էր իմ կյանքում: Եվ այն սերն ու նվիրումը, որ ես տալիս եմ իմ ընտանիքին, նույնը փոխանցում եմ ինձ վստահված համայնքի անդամներին:
-Տե՛ր հայր, հոգևորականի գործունեության համար առանցքային դեր ունի նաև երեցկինը: Կխոսե՞ք այն աշխատանքների մասին, որոնք իրականացնում եք երեցկնոջ հետ միասին:
-Երեցկինը պետք է լծակից լինի հոգևորական ամուսնու ծառայությանը, համբերատարությամբ կրի այն բոլոր դժվարությունները, որոնք կհանդիպեն քահանայի ծառայության ընթացքում: Նա ինձ հետ անցնում է հոգևոր այս ճանապարհը: Երեցկանայք մեծ դեր և նշանակություն ունեն համայնքի կյանքում՝ հատկապես երիտասարդ աղջիկներին կյանքի ճիշտ ուղի ցույց տալու հարցում: Ես փառք եմ տալիս Աստծուն, որ ունեմ այդ բոլոր հատկանիշներով օժտված երեցկին:
Նոր սերունդը՝ ազգի և եկեղեցու հարատևության երաշխավոր
-Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հովանու ներքո ստեղծվել է Երիտասարդաց միություն: Երիտասարդները մեծ ոգևորությամբ և նվիրումով են մասնակցում եկեղեցու տոնակատարություններին, միջոցառումներին, ծիսակատարություններին: Միասնաբար փորձում ենք դիմակայել հոգևոր մարտահրավերներին, տարածել ու պահպանել մեր ազգային արժեքները: Երիտասարդությունն է մեր երկրի ու եկեղեցու ապագան: Այսօրվա երիտասարդներն ունեն վերլուծական մտածողություն և շատ հաճախ նրանք անձամբ են նախաձեռնում քննարկումներ, և այդ զրույցների ընթացքում մենք միասնաբար գտնում ենք բազմաթիվ հարցերի լուծումներ:
-Խոսենք տնայցերի մասին: Ի՞նչ են տալիս այդ մտերմիկ զրույցները համայնք-եկեղեցի կապն ամրապնդելու տեսանկյունից:
-Ամեն քահանա ունի մեկ մեծագույն օրինակ՝ Հիսուս Քրիստոս, Ով շրջեց մարդկանց մեջ, քարոզեց Աստծո Խոսքը, և առաքյալների միջոցով այն հասավ մեզ: Երբ համայնքային կյանքում կատարում ես տնայցեր և անձնապես ճանաչում մարդկանց, դա նպաստում է թե՛ իրենց հոգևոր կյանքի զարգացմանը, թե՛ եկեղեցի-համայնք կապի ամրապնդմանը: Քահանաներն իրենց հավատացյալների մտերիմ զրուցակիցներն են. մարդիկ, ովքեր անկեղծորեն իրենց սիրտն են բացում հոգևոր հոր առաջ: Ստեղծվում է ընտանեկան գեղեցիկ ու ամուր միջավայր:
Նոր տարվա սկիզբը՝ Աստծո օրհնությամբ
-Տե՛ր հայր, Սուրբ Ծննդյան տոնը և դրան նախորդող պահքի օրերը նաև ինքնաքննության շրջան են քրիստոնյայի համար: Ո՞րն է տոնի խորհուրդը Ձեզ համար: Եվ ինչպե՞ս է նշվում Սուրբ Ծննդյան տոնը քահանայի ընտանիքում:
-Սուրբ Ծննդյան տոնն ինձ համար տոների և քրիստոնեական կյանքի սկիզբն է: Մեր Փրկիչը ծնվելով՝ մեզ համար կյանքի աղբյուր եղավ: Մեր ընտանիքում օրը սկսվում է եկեղեցում՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագից. Տիրոջ Սուրբ Ծննդյան Ավետիսը ստանալուց հետո տոնական օրը շարունակում ենք տանը՝ մեծ խանդավառությամբ և օրվա համար նախատեսված կերակուրներով բացված սեղանի շուրջը՝ փոխանցելով միմյանց Սուրբ Ծննդյան Ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:
-Վերջին տարիներին Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ սկիզբ է դրվել մի գեղեցիկ ավանդույթ. տարեմուտի գիշերը օրհնվում է նուռը:
– Մեր ժողովուրդն այդ օրը մեծ ուրախությամբ է այցելում եկեղեցի՝ իր նոր տարվա սկիզբը Աստծո օրհնությամբ սկսելու: Դա մեծ ուրախություն է նաև հոգևորականներիս համար, քանի որ սա վկայում է հավատքի զորացման և այն մասին, որ մարդիկ փորձ են անում Աստծուն գտնել: Ներքին Չարբախի համայնքում այս տարի առաջին անգամ մասնակցություն ունեցա արարողությանը: Վստահ եմ, ինչպես միշտ, այս տարի ևս մեր ժողովուրդը միասնաբար եկեղեցում դիմավորեց տարին՝ զգալով Աստծո շունչն ու ներկայությունը:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ