Իրանը, զգալով իր աշխարհաքաղաքական շահերի ոտնահարումը, փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման գնալ. Իրանագետ
Հասան Ռուհանիի կառավարման 8 տարիներից հետո Իրանի նախագահի պաշտոնը ստանձնում է Էբրահիմ Ռայիսիին. ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի կունենա երեկոյան:
Օգոստոսի 5-ին պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Մինչ այդ՝ երկու երկրների պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք՝ Իրանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վերընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-իրանական օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում` անդրադարձել առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը միտված քայլերին՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովում, ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորություն, տարածաշրջանային կապուղիների զարգացում, մասնավորապես` Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացում, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցում, էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններ:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին:
«Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը։
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը»,- նշվում է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
168.am-ը իրանագետ Գարիկ Միսակյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս պաշտոնական այցով կսկսվի հայ-իրանական հարաբերությունների նոր փուլ՝ հաշվի առնելով վերջին երեք տարիներին այդ հարաբերություններում առկա մի շարք անցանկալի դրվագները:
Ի պատասխան՝ իրանագետը մանրամասնեց. «Եթե առհասարակ վերջին տարիներին հայ-իրանական հարաբերություններին անդրադառնանք, ապա մինչ Արցախյան պատերազմը և Արցախյան պատերազմից հետո՝ դրանք տարբեր իրավիճակներում են: Եթե մինչ Արցախյան պատերազմը հայ-իրանական հարբերություններում որոշակի լարվածություն էր առաջացրել Իսրայելում Հայաստանի դեսպանության բացումը, Բոլթոնի այցը և հայ-իրանական սահմանի վերաբերյալ հայտարարությունները, ապա պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում նաև Իրանը զգալով իր աշխարհաքաղաքական շահերի ոտնահարումը՝ փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման գնալ: Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը ձգտում է նաև Հայաստանը, քանի որ տեսանք, թե Արցախյան պատերազմի ընթացքում ինչպիսի մեծ կարևորություն ստացավ հայ-իրանական ցամաքային սահմանը:
Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին, լինելով պահպանողական քաղաքական գործիչ, կարելի է ասել՝ ինչ-որ չափով փոխելու է իրանական արտաքին քաղաքականությունը, որում նա իր հիմնական արտաքին քաղաքական նպատակներից է համարում հարևանների հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների կարգավորումը»:
Գարիկ Միսակյանը հավելեց՝ իրանական կողմը բավականին լուրջ է տրամադրված ՀՀ միջոցով տարանցման ուղի ստանալ դեպի հյուսիս.
«Դրան միտված ծրագրերը իրանական կողմում ևս կարևորվում են, քանի որ Սյունիքի տարածքով Իրանը փորձելու է ելք ստանալ դեպի հյուսիս, որը չի անցնելու որևէ թուրքական պետության սահմանով: Ինչու, քանի որ Թուրքիան ընդհանրապես վերջին տարիներին համարվում է Իրանի մրցակիցը տարածաշրջանում:
Ճիշտ է՝ այդ հարաբերությունները երբեք ծայրաստիճան լարված չեն եղել, սակայն բարեկամական էլ չեն եղել: Այսինքն՝ իրանական կողմը, համագործակցելով թուրքական պետությունների հետ, փորձում է, ամեն դեպքում, որևէ այլընտրանքային ուղի ունենալ՝ այդ պետությունների տարածքը շրջանցելու համար: Սյունիքում Իրանը լուծելու է նաև տնտեսական խնդիրներ»:
Արդյո՞ք Իրանի համար կշարունակի կարմիր գիծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես հայտարարել էր ԻԻՀ ԱԳՆ Մոհամադ Զարիֆը՝ մեր հարցին ի պատասխան՝ նա նկատեց.
«Օրեր առաջ Իրանի դեսպանն էր այցելել հայ-ադրբեջանական սահմանային հատված՝ ծանոթանալու իրավիճակին: Այսինքն՝ իրանական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական այս լարվածությամբ, իսկ Իրանի համար անվտանգային խնդիր է համարվում հենց հայ-իրանական ցամաքային սահմանի անձեռնմխելիությունը:
Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից է տարածքային ամբողջականության խնդիրը, որը բխում է Իրանի անվտանգային շահերից:
Նաև քանի որ հայ-իրանական շահերի համընկնում է այստեղ, այո, միանշանակ, Էբրահիմ Ռայիսիի օրոք էլ Զարիֆի այդ հայտարարությունը մնալու է ակտուալ, և կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում կրկնվելու է նոր ԱԳՆ կողմից»: